News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 11–ին։ Օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է։

NEWS.am-ի հետ զրույցում ընտրություններում քիչ մանդատ ստացած «Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանն ասաց, որ խմբակցության երեք անդամները չեն մասնակցելու նիստին։

Բայց այս դեպքում էլ նիստը կկայանա, որովհետեւ «Ազգ-համայնք» դաշինքի եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մանդատները  բավարարում են նիստն անցկացնելու համար։

Ագուն Սաղաթելյանը, սակայն, համոզված է, որ նիստը չի կայանալու։

«Քվորում չի ապահովվելու, համայնքապետ չի ընտրվելու եւ նոր ընտրությունների է գնալու Անի համայնքը»,– նշեց Ագուն Սաղաթելյանը։

«Ազգ-համայնք» դաշինքը, որին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, բայց ընտրություններում առավել շատ ձայն ստացած ուժն է, կմասնակցի նիստին եւ համայնքապետի թեկնածու կառաջադրի դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Գեւորգյանին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արման Սարիբեկյանն էլ ասաց, թե դեռ որոշում չունեն նիստին մասնակցելու վերաբերյալ։ ՔՊ–ի համայնքապետի թեկնածուն Սարիբեկյանն է։ 

Նշենք, որ սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Քաղաքական ուժերը չէին կարողացել միանձնյա իշխանություն ձեւավորել, բայց կոալիցիայով էլ նրանց չի հաջողվում տեղական իշխանություն ձեւավորել։

Ավելի վաղ գրել էինք, որ Անի խոշորացված համայնքում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Ազգ-համայնք» դաշինքն ունի 10, ՔՊ–ն՝ 8, իսկ «Հայկական երազանք» էլ՝ 3 մանդատ։

«Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը մյուս երկու ուժերի առջեւ պայման էր դրել՝ կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կհամաձայնի իր թեկնածությանը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ուժերից ոչ մեկը, սակայն, չէր ընդունել Ագուն Սաղաթելյանի պայմանը եւ համաձայնության չէին եկել։

Բանն այն է, որ «Ազգ-համայնք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ իրար հետ կոալիցիա չեն կազմել։ Սարիբեկյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ «Առավոտի» հետ զրույցում ասել էր, որ «Ազգ-համայնք» դաշինքի» հետ կոալիցիա չի կազմի։

Ստացվում է՝ եթե քաղաքական ուժերին չի հաջողվել կոալիցիա կազմել, իսկ նրանց ունեցած մանդատներն էլ չեն բավարարում համայնքապետ ընտրել իրենց թեկնածուներին, ուրեմն Անիում համայնքապետ չի ընտրվի։

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաեւ ավագանու անդամին: Օրենքը հնարավորություն է տալիս, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն եւ ավագանու նոր ընտրություններ նշանակվեն։

Տպել
Ամենաշատ