News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում հետընտրական ճգնաժամ է առաջացել։ Ընտրություններին մասնակցած երեք ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ինչը նշանակում է, որ միանձնյա իշխանություն չի ձեւավորվում, բայց կոալիցիայով էլ չի հաջողվում քաղաքական ուժերին տեղական իշխանություն ձեւավորել։

Սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում առավել շատ ձայն ստացել է Անիի գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը՝ 3763 ձայն, երկրորդ հորիզոնականում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որը ստացել է 3032 ձայն, իսկ գործող ավագանու անդամ Ագուն Սաղաթելյանի գլխավորած «Հայկական երազանք» կուսակցությունն էլ ստացել է 1037 ձայն։

Անի խոշորացված համայնքում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Ազգ-համայնք» դաշինքն ունի 10, ՔՊ–ն՝ 8, իսկ «Հայկական երազանք» էլ՝ 3 մանդատ։

«Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը մյուս երկու ուժերի առջեւ պայման է դրել՝ կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կհամաձայնի իր թեկնածությանը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ուժերից ոչ մեկը, սակայն, չի ընդունել Ագուն Սաղաթելյանի պայմանը եւ համաձայնության չեն եկել։

««Հայկական երազանքը» դեռ մեկ ամիս առաջ է հայտարարել, որ որեւէ ուժի միանալու նախաձեռնությամբ հանդես չի գալու, մյուս ուժերն են առաջարկություններ արել, որ միանանք իրենց, բայց մերժել ենք։ Սկզբունքների խնդիր կար, երբ նոր էր սկսվել ընտրական պայքարը, խնդիրներ էին առաջացել, բայց հիմա փակագծեր բացել չեմ ուզում։

Ես ոչ մի բան չեմ կորցնում։ Անի համայնքը չի տուժի այն ժամանակ, երբ մյուս երկու ուժերն էլ հասկանան, որ ղեկավարումը պետք է այլընտրանքին տալ, որ սեւ ու սպիտակի ջրբաժանները վերանան, ես դա կարող եմ ապահովել։ Ես գիտակցում եմ, որ եթե ինչ–որ մեկի հետ կոալիցիա կազմեմ, համայնքում այդ խնդիրներն էլի առաջանալու են, բայց ես ինձ այլընտրանք եմ համարում, դա լավագույն լուծումն է»,– ասաց Ագուն Սաղաթելյանը։

Նա հավելեց, որ «Հայկական երազանքը» չի պայքարել անձերի դեմ, իսկ իր ստացած ձայների քանակից էլ դժգոհ չէ։

«Անի համայնքում «Ազգ-համայնքի» թեկնածուն եղել է 18 տարվա քաղաքային իշխանություն, իսկ մյուսը՝ կենտրոնական իշխանություն։ Ես ինչ–որ մեկի դեմ չեմ պայքարել, իրենք հենվելու տեղ ունեին, իսկ ես զրոյից եմ սկսել։ Քիչ մանդատներ ստանալը դրանով է պայմանավորված»,– ընդգծեց Ագուն Սաղաթելյանը՝ հավելելով՝ եթե մյուս երկու ուժերին էլ չհաջողվի կոալիցիա կազմել, ապա ավագանին կլուծարվի եւ արտահերթ ընտրություններ կնշանակվեն։ 

Անիիում համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 14–ին։ Շիրակի մարզն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն արդեն բաշխել է մանդատները, բայց դրանք կհանձնվեն հոկտեմբերի 6-ին, մինչեւ այդ քաղաքական ուժերին ինքնաբացարկ ներկայացնելու ժամանակ է տրված։

Ագուն Սաղաթելյանն ասաց, որ իրենց ուժից որեւէ մեկն ինքնաբացարկ չի հայտնելու։

Արտակ Գեւորգյանը, որը 18 տարվա համայնքապետ է, չցանկացավ պատասխանել մեր հարցերին, նշելով միայն, որ ժամանակը կկարգավորի բոլոր հարցերը։

«Այս պահին չեմ պատրաստվում որեւէ հարցի պատասխանել, զգալի ժամանակ կա, ժամանակը կկարգավորի բոլոր հարցերը։ Շնորհակալ եմ բնակիչներին ընտրություններում ունեցած արդյունքների եւ վստահության բարձր քվեի համար»,– նշեց Արտակ Գեւորգյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արման Սարիբեկյանը նույնպես հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել։

Նշենք՝ Արման Սարիբեկյանը ավելի վաղ հայտարարել էր, որ «Ազգ-համայնք» դաշինքի» հետ կոալիցիա չի կազմի։

«Մեր մրցակիցներից մեկի հետ բացառում ենք կոալիցիան, որովհետեւ իր թողած երեւույթներն ենք եկել մաքրելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասել էր ՔՊ–ի թեկնածուն՝ նկատի ունենալով Արտակ Գեւորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքին։

Եթե համայնքի ղեկավար չընտրվի, ապա «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, որն ընդունվել է ամիսներ առաջ, վարչապետին հնարավորություն է տալիս նշանակել խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ այդ թվում ավագանու անդամի:

Տպել
Ամենաշատ