Ինդոնեզիայում ոստիկանության երեք բարձրաստիճան գեներալ է ձերբակալվել երկրի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի և տասնյակ այլ հայտնի մարդկանց հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու կասկածանքով, հայտնում է Associated Press-ը։

Ըստ ոստիկանության քրեական հետաքննությունների վարչության ղեկավար Ասեպ Սաֆրուդինի՝ ստուգվում է կասկածյալների առնչությունը հաղորդակցությունների ապօրինի որսմանը, էլեկտրոնային համակարգեր չարտոնված մուտքին և էլեկտրոնային տվյալների ոչնչացմանը։

Ձերբակալվածների թվում են նախագահի աշխատակազմի ղեկավար, գեներալ Լիստյո Սիգիտ Պրաբովոն, ազգային ոստիկանության իրավաբանական բաժնի ղեկավար, գեներալ-տեսուչ Ահրի Սոնտա Նասուտիոնը և Ոստիկանական կրթության ու պատրաստման ազգային ինստիտուտի ավագ հրահանգիչ, գեներալ-տեսուչ Էկո Հադի Սանտոսոն։ Երեքն էլ պահվում են Ջակարտայում՝ ազգային ոստիկանության գլխավոր շտաբին կից մեկուսարանում։

Ըստ քննության վարկածի՝ 2025–2026 թվականներին կասկածյալները կազմակերպել են հեռախոսահամարների գաղտնալսում՝ առանց սահմանված ընթացակարգերը պահպանելու։ Մի քանի համար հաղորդակցությունների օրինական որսման կառավարման համակարգ են մուտքագրվել առանց նախնական ստուգման։ Բացի դրանից, քննիչները պնդում են, որ կասկածյալները վերջերս կարգադրել են համակարգից ջնջել գաղտնալսված խոսակցությունների ֆայլերը՝ ենթադրաբար փորձելով թաքցնել գործողության հետքերը։

Քննության շրջանակում ոստիկանությունը հարցաքննել է տասը վկայի և երեք փորձագետի, ինչպես նաև առգրավել 11 բջջային հեռախոս, iPad պլանշետ և չորս USB կրիչ։

Իշխանությունները դեռ չեն բացահայտում գաղտնալսման ենթադրյալ շարժառիթները։ Իրավական հարցերի, մարդու իրավունքների, ներգաղթի և ուղղիչ հիմնարկների հարցերով համակարգող նախարար Յուսրիլ Իհզա Մահենդրան հայտարարել է, որ քննությունը պետական դավաճանության նշաններ չի հայտնաբերել։

Կասկածյալներին կարող են մեղադրանքներ առաջադրվել քրեական օրենսդրության և էլեկտրոնային գործարքների մասին օրենքի մի քանի հոդվածներով։ Կախված առաջադրված մեղադրանքներից՝ առավելագույն պատժաչափերը կազմում են վեցից տասը տարվա ազատազրկում։ Ո՛չ նախագահը, ո՛չ ձերբակալվածները հրապարակավ չեն մեկնաբանել մեղադրանքները։