Պորտուգալիայի կառավարությունը երեքշաբթի գերմանական Lufthansa-ի հետ պայմանագիր է ստորագրել TAP ավիաընկերության բաժնետոմսերի մինչև 49,9%-ի վաճառքի մասին՝ պաշտոնապես ձևակերպելով գործարքը, որի ընտրության մասին իշխանությունները հայտարարել էին հոկտեմբերին, հայտնում է Euronews-ը։

Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուն հայտարարել է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա պահպանել երկրի ռազմավարական շահերը, ինչպես նաև TAP-ի ապրանքանիշն ու ինքնությունը։ Ըստ նրա՝ գործարքի կարևոր բաղադրիչներից է դարձել ավիաընկերության եզակի դերի պահպանումը՝ կապված Պորտուգալիայի ինքնավար շրջանների, պորտուգալախոս երկրների և ամբողջ աշխարհում պորտուգալախոս համայնքների հետ։

«Այսօր երկիրը չափազանց կարևոր քայլ է կատարում՝ պորտուգալական ապրանքանիշով և ինքնությամբ պորտուգալական ավիաընկերությունը պահպանելու համար»,- ասել է Մոնտենեգրուն։

Lufthansa-ի ղեկավար Կարստեն Շպորը հաստատել է, որ «TAP-ը կմնա պորտուգալական ավիաընկերություն»։ Նա նշել է, որ գերմանական խումբը մտադիր է զարգացնել Լիսաբոնը որպես իր հանգուցային օդանավակայաններից մեկը՝ միաժամանակ պահպանելով TAP-ի առանձնահատուկ դերը։ Lufthansa-ի ռազմավարության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև Պորտուն, Մադեյրան և Ալգարվեն։

Հոկտեմբերին կառավարությունն ընտրել էր Lufthansa-ի առաջարկը՝ TAP-ի բաժնետոմսերի մինչև 49,9%-ը 1,201 միլիարդ եվրոյով գնելու վերաբերյալ։ Նախատեսվում է բաժնետոմսերի մինչև 5%-ը տրամադրել ավիաընկերության աշխատակիցներին։ Պետությունն առայժմ կպահպանի կապիտալի 51%-ը և տնօրենների խորհրդի նկատմամբ վերահսկողությունը։

Գործարքի վերջնական ավարտը կախված է Եվրահանձնաժողովի հավանությունից։ Պորտուգալիայի կառավարությունն ակնկալում է այն ստանալ 2028 թվականի առաջին կեսին։ Մինչ այդ TAP-ը կշարունակի գործել ինքնուրույն, թեև Lufthansa-ն վերահսկողություն կիրականացնի ընկերության նկատմամբ։