ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գուամ կղզու նահանգապետի ընտրություններում հանրապետական Թոնի Ադայի նախնական հաղթանակը համարել է երկրում միջանկյալ ընտրությունների արդյունքների հնարավոր ազդակ։ Սակայն նրա հայտարարությունը հաշվի չի առնում մի շարք կարևոր հանգամանքներ, նշում է ամերիկյան լրատվամիջոցը։
«Գուամը, որը միշտ համարվել է ամուր դեմոկրատական ավանդույթներ ունեցող տարածք, հենց նոր, ժամկետից շուտ, հայտարարեց գլխավոր՝ նահանգապետի պաշտոնում ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ հաղթանակի մասին։ Շնորհավորում եմ Թոնի Ադային։ Բացի դրանից, հանրապետականները մեծամասնություն են ստացել տարածքի սենատում։ Հուսով եմ՝ սա նախանշում է այն, ինչ մեզ սպասում է»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Մինչդեռ Գուամում ընտրությունների արդյունքները դեռ պաշտոնապես չեն հաստատվել, հաղորդում է CNN-ը։
Բացի դրանից, նահանգապետի ընտրություններում կղզին չի կարելի դեմոկրատների ավանդական հենակետ համարել։ XXI դարի մեծ մասի ընթացքում այն կառավարել են հանրապետականները, այդ թվում՝ անընդմեջ 2003 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հունվարը։ 1950 թվականին ԱՄՆ-ի չընդգրկված տարածքի կարգավիճակ ստանալուց հետո Գուամում իշխանությունը բազմիցս անցել է մի կուսակցությունից մյուսին։
Հանրապետականներն արդեն իսկ վերահսկում էին նաև կղզու օրենսդիր ժողովը, ուստի ընտրությունների արդյունքները չեն նշանակում կուսակցական մեծամասնության փոփոխություն։
Մեկ այլ կարևոր հանգամանք էր հանրապետական Ջեյմս Մոյլանի պարտությունը, որը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Գուամի՝ ձայնի իրավունք չունեցող պատվիրակն էր։ Ըստ Pacific Daily News-ի՝ նա ընդունել է դեմոկրատ Վինսենթ Լիմտիակոյի հաղթանակը։




























