Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ամրապնդման շուրջ Դանիայի և ԱՄՆ-ի հետ համաձայնագրին։ Փաստաթուղթը նախատեսում է ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնում կղզում, որը շարունակում է մնալ Դանիայի Թագավորության կազմում գտնվող ինքնակառավարվող տարածք, հայտնում է Associated Press-ը։

Երեքշաբթի համաձայնագրին կողմ է քվեարկել 16 պատգամավոր, յոթը ձեռնպահ են մնացել։ Փաստաթուղթը համաձայնեցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամիսներ շարունակ գործադրած ճնշման հետնապատկերին։ Նա բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու և այն Միացյալ Նահանգների մաս դարձնելու ցանկության մասին։

Եռակողմ համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ-ի ռազմական դիրքերը ռազմավարական նշանակություն ունեցող արկտիկական տարածաշրջանում և միաժամանակ Գրենլանդիան պահել Դանիայի վերահսկողության ներքո։ Այն նաև ճանապարհ է բացում կղզում ամերիկյան լրացուցիչ ռազմակայանների ստեղծման համար։

Ընդ որում, համաձայնագիրը կշարունակի գործել նաև այն դեպքում, եթե Գրենլանդիան ապագայում որոշի անկախություն ձեռք բերել։

Փաստաթուղթը սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ստորագրել են Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի կառավարության ղեկավար Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

Այժմ համաձայնագիրը պետք է քննարկի Դանիայի խորհրդարանը․ համապատասխան քննարկումները նախատեսված են նոյեմբերի վերջին։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի Դանիայում և Գրենլանդիայում անհրաժեշտ խորհրդարանական ընթացակարգերի ավարտից հետո։