ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիան անվանել է «ամենամեծ նվերը», որ երբևէ ստացել են Միացյալ Նահանգները։ Դրա մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի հետ հեռախոսազրույցում, որը նվիրված էր ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին։

«Հիշեք՝ Եվրոպան հենց նոր Միացյալ Նահանգներին արեց ամենամեծ նվերը, որ մենք երբևէ ստացել ենք։ Գիտե՞ք՝ ինչ էր դա։ Գրենլանդիան։ Մենք հենց նոր ստացանք Գրենլանդիան, դուք գիտեք դրա մասին, այնպես չէ՞»,- ասել է Թրամփը։

Ավելի ուշ ԱՄՆ Պետքարտուղարությունը զրույցի տեսագրությունը հրապարակել է X սոցիալական ցանցում։ Զրույցի մասնակիցներից մեկը հստակեցրել է, որ խոսքը ռազմական համաձայնագրի մասին է։

Մինչև սեպտեմբեր Թրամփը բազմիցս ձգտել է Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատել՝ վկայակոչելով ազգային անվտանգության նկատառումները։ Կղզին ունի օգտակար հանածոների զգալի պաշարներ, ռազմավարական դիրք է զբաղեցնում Արկտիկայում և Դանիայի Թագավորության կազմում ինքնակառավարվող տարածք է։

Կղզու նկատմամբ վերահսկողություն ստանալու նախագահի ձգտումը, ռազմական ուժի կիրառումը բացառելուց նրա հրաժարումը և եվրոպացի դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքները լուրջ լարվածություն են առաջացրել ՆԱՏՕ-ի ներսում։ Եվրոպացի առաջնորդներն ընդգծել են, որ Գրենլանդիան չի վաճառվում, և դրա ապագան պետք է որոշեն կղզու բնակիչները։

Հուլիսին ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովում Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ի, այլ ոչ թե Դանիայի վերահսկողության ներքո։

Սեպտեմբերին ԱՄՆ նախագահը պաշտպանության ոլորտում համաձայնագիր է ստորագրել Դանիայի և Գրենլանդիայի վարչապետների հետ։ Համաձայնագիրն ընդլայնում է կղզում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը և նախատեսում համագործակցություն անվտանգության ու օգտակար հանածոների արդյունահանման ոլորտներում՝ միաժամանակ վերահաստատելով Դանիայի ինքնիշխանությունն ու Գրենլանդիայի բնակիչների ինքնորոշման իրավունքը։