Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմն ամերիկյան յուրաքանչյուր տնային տնտեսության վրա միջինում նստում է 2147 դոլար՝ ավելացնելով վառելիքի, ավիաթռիչքների և վարկերի ծախսերը։ Այսպիսին են Moody’s Analytics վերլուծական ընկերության թարմացված գնահատականները, որոնք այն տրամադրել է CNN-ին։ Հաշվարկը ներկայացված է հոկտեմբերի 28-ի դրությամբ։
Moody’s-ի նախորդ գնահատականը կազմում էր մոտ 2000 դոլար՝ յուրաքանչյուր տնային տնտեսության հաշվով։ Ծախսերի աճը մեծացնում է ամերիկացիների վրա ճնշումն ընտրությունների նախաշեմին և կասկածի տակ է դնում 2024 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում կենսապահովման ծախսերը նվազեցնելու մասին Դոնալդ Թրամփի տված առանցքային խոստումներից մեկը։
Թրամփը պնդում է, որ բենզինի և դիզելային վառելիքի թանկացումը չնչին գին է՝ Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց հետ պահելու համար։
Լրացուցիչ ծախսերի ամենամեծ բաժինը պայմանավորված է էներգակիրների թանկացմամբ։ Moody’s-ի գնահատմամբ՝ պատերազմի պատճառով ամերիկյան ընտանիքների՝ բենզինի, դիզելային և ավիացիոն վառելիքի, ինչպես նաև ջեռուցման մազութի ծախսերն ընդհանուր առմամբ աճել են 1227 դոլարով։
Յուրաքանչյուր տնային տնտեսության հաշվով ևս 559 դոլար բաժին է ընկնում փոխառությունների արժեքի աճին։ Գնաճի արագացման հետևանքով ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերին վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքները։ Արդյունքում ամերիկացիների համար թանկացել են վարկային քարտերի պարտքերի սպասարկումն ու սեփական բնակարանի գրավադրմամբ վարկային գծերի բացումը։
Բացի դրանից, հաշվարկում ներառված են հակամարտությանն առնչվող լրացուցիչ ռազմական ծախսերը։ Moody’s-ի գնահատմամբ՝ դրանք յուրաքանչյուր տնային տնտեսության ֆինանսական բեռին ավելացնում են ևս 361 դոլար։
Այսպիսով, Իրանի հետ պատերազմը մեծացնում է ընտանեկան բյուջեների վրա ճնշումը միանգամից մի քանի ուղղություններով՝ վառելիքի ամենօրյա ծախսերից մինչև վարկերի արժեքը։ Դա տեղի է ունենում ամերիկացիների կյանքն ավելի մատչելի դարձնելու Թրամփի խոստումների հետնապատկերին։




























