Լիբիայի բարձրագույն կրոնական մարմինը՝ Դար ալ-Իֆթան, ֆեթվա է հրապարակել, որը մահմեդականներին արգելում է գնել, վաճառել և հագնել ամերիկյան Nike ապրանքանիշի տարբերանշանով հագուստ։ Փաստաթուղթը հաստատել է երկրի մեծ մուֆթի Սադիկ ալ-Ղարյանին, հայտնում է BBC News-ը։
Կրոնական որոշման մեջ շեշտվում է, որ Nike անվանումը ծագում է հաղթանակի հին հունական աստվածուհի Նիկեի անունից, իսկ ընկերության՝ նշանի տեսքով հայտնի տարբերանշանը ներշնչված է նրա թևերից։ Կրոնական կոմիտեի կարծիքով՝ նման խորհրդանիշով հագուստ կրելը նշանակում է քարոզել բազմաստվածության հետ կապված պատկերներ։
Բացի դրանից, կոմիտեն Nike-ին մեղադրել է Իսրայելին աջակցելու մեջ և կոչ արել բոյկոտել այն ընկերությունները, որոնք, իր գնահատմամբ, աջակցում են այդ երկրին։ Իր դիրքորոշումը հիմնավորելու համար կոմիտեն վկայակոչել է Հետազոտությունների և շարիաթի հարցերով խորհրդի՝ 2023 թվականի նոյեմբերի 5-ի հայտարարությունը, որով Գազայի հատվածում պատերազմի ֆոնին մահմեդականներին կոչ էր արվում բոյկոտել արևմտյան ընկերությունները։
Ընդ որում, ֆեթվան պետական արգելք չէ. փաստաթուղթը պատիժներ չի նախատեսում Nike-ի արտադրանքը գնելու կամ կրելու համար և ինքնաբերաբար պարտադիր իրավական ուժ չունի։ Սակայն Տրիպոլիում տեղակայված Դար ալ-Իֆթայի որոշումները կարող են զգալի ազդեցություն ունենալ հասարակական տրամադրությունների վրա։
Ավելի վաղ կրոնական մարմինը դեմ էր արտահայտվել ֆրանսիական Van Cleef & Arpels ոսկերչական ապրանքանիշի զարդերն ու ժամացույցները կրելուն՝ պնդելով, որ քառատերև երեքնուկի պատկերը կապված է քրիստոնեական հավատալիքների և սնահավատությունների հետ։
Լիբիայում, որը 2011 թվականին Մուամար Քադաֆիի տապալումից հետո բաժանված է արևելքում և արևմուտքում գործող մրցակից իշխանությունների միջև, վերջին տարիներին սրվում են հասարակական կյանքում կրոնական պահպանողականության դերի շուրջ քննարկումները։ 2025 թվականին երկրի արևելյան հատվածի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել ռեփի, թատերական բեմադրությունների և պարային ելույթների նկատմամբ, որոնք հետագայում տարածվել են նաև երկրի արևմտյան հատվածում։
Լիբիայում Nike-ի պաշտոնական խանութներ չեն գործում, սակայն ապրանքանիշի արտադրանքը վաճառում են մարզահագուստի տեղական առևտրականները։





























