ԱՄՆ-ում երեքշաբթի անցկացվում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնց արդյունքում հանրապետականները կարող են կորցնել մեծամասնությունը պալատներից մեկում կամ երկուսում էլ, գրում է Axios-ը։

Դա կորոշի՝ արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա՞ շարունակել իր քաղաքականությունը կուսակիցների աջակցությամբ, թե՞ կբախվի դեմոկրատների ուժեղացող դիմադրությանը։

Ընտրությունները դարձել են Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի կարևորագույն փորձությունը՝ Իրանի հետ պատերազմի, էներգակիրների գների աճի և կյանքի թանկության վերաբերյալ ամերիկացիների մտահոգության հետնապատկերին։ Նախագահն ակտիվորեն մասնակցել է հանրապետականների նախընտրական քարոզարշավին՝ քվեարկությունն ըստ էության վերածելով սեփական քաղաքականության գնահատման։

Axios-ի տվյալներով՝ Սպիտակ տանն ընտրությունների նախաշեմին վարչակազմի աշխատակիցների շրջանում տարածել են Թրամփի ձեռքբերումների մասին թեզեր, քանի որ հանրապետականները մտավախություն ունեն կորցնելու իրենց առավելությունը Կոնգրեսում։

Ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Ալյասկայից Սենատի տեղի համար պայքարը։ Արդարադատության նախարարությունն ավելի քան մեկ տասնյակ ծանուցումներ է ուղարկել հնարավոր պատասխանատվության ենթարկելու մասին՝ հանրապետական սենատոր Դեն Սալիվանի նախընտրական քարոզարշավին առնչվող հետաքննության շրջանակում։ Դրա համար առիթ են դարձել հաղորդումներն, ըստ որոնց դեմոկրատները փորձել են ընտրություններին ներգրավել նույն անունով մեկ այլ թեկնածուի՝ ընտրողներին շփոթեցնելու նպատակով։

Մի շարք շրջաններում նաև քվեարկության սարքավորումների տեխնիկական խնդիրներ են առաջացել։ Մասնավորապես, անսարքություններ են արձանագրվել Նյու Յորք նահանգում Ներկայացուցիչների պալատի ընտրությունների ժամանակ, որտեղ հանրապետական Մայք Լոուլերը մրցում է դեմոկրատ Քեյթ Քոնլիի հետ։

Վիճարկվում են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 և Սենատի 35 տեղերը։ Ստորին պալատում մեծամասնություն ստանալու համար դեմոկրատները պետք է իրենց տեղերի թիվն ավելացնեն առնվազն երեքով։ Սենատում նրանց անհրաժեշտ կլինի չորս տեղի զուտ ավելացում։

Եթե դեմոկրատները վերահսկողություն հաստատեն թեկուզ մեկ պալատի նկատմամբ, ավելի լայն հնարավորություններ կստանան վարչակազմի գործունեությունը հետաքննելու, պաշտոնյաներին լսումների հրավիրելու և նախագահի օրենսդրական նախաձեռնություններն արգելափակելու համար։ Միևնույն ժամանակ Թրամփը կպահպանի գործադիր լիազորություններն ու վետոյի իրավունքը։

Երկու պալատներում էլ դեմոկրատների հաղթանակը կարող է լրջորեն բարդացնել Սպիտակ տան ծրագրի իրականացումը և հանգեցնել նախագահին իմփիչմենթի ենթարկելու նոր փորձերի։ Սակայն Սենատում Թրամփին մեղավոր ճանաչելու համար անհրաժեշտ կլինի սենատորների երկու երրորդի աջակցությունը։

Հանրապետականների կողմից մեծամասնության պահպանումը նախագահին թույլ կտա շարունակել իր ծրագրի իրականացումը, թեև կուսակցության փոքր առավելությունը կարող է դժվարացնել օրենքների ընդունումը։

Քվեարկության արդյունքները նաև ցույց կտան՝ արդյոք հանրապետականները պահպանե՞լ են երիտասարդ ընտրողների, աֆրոամերիկացիների և լատինաամերիկացիների աջակցությունը, որոնց մի մասը Թրամփին աջակցել էր 2024 թվականի ընտրություններում։