Իսրայելը ԱՄՆ-ին հետախուզական տվյալներ է փոխանցել, որ Իրանը հնարավոր է՝ քիմիական զենք կիրառի Թեհրանի հակառակորդների դեմ։ Ամերիկյան իշխանություններում այս տեղեկության գնահատականները տարբեր են․ որոշ պաշտոնյաներ սպառնալիքը լուրջ են համարում, իսկ մյուսները կասկածում են, որ Իսրայելը Դոնալդ Թրամփի վարչակազմին փորձում է համոզել վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունները, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի և մերձավորարևելյան պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ իսրայելական հետախուզությունը պնդում է, որ Իրանն արագացրել է այն տեխնոլոգիաների մշակումը, որոնք հնարավորություն են տալիս քիմիական զինամթերքը հրթիռներով հասցնելու թիրախներին կամ գաղտնի տեղափոխելու Իսրայելի և այլ երկրների տարածք։ Որպես տեղափոխման հնարավոր միջոցներ դիտարկվում են նաև անօդաչու թռչող սարքերը։

Իսրայելն այս տեղեկությունը փոխանցել է նաև Պարսից ծոցի որոշ երկրների։ Սակայն մի շարք պետությունների ներկայացուցիչներ կասկածի տակ են դրել այդ պնդումների հավաստիությունը և համարել, որ Իսրայելը փորձում է ԱՄՆ-ին ու նրա գործընկերներին դրդել վերսկսելու ինտենսիվ մարտական գործողությունները։

Ամերիկյան զինուժը, մինչդեռ, ավելացնում է ուժերը Մերձավոր Արևելքում։ Տարածաշրջանում երեք ավիակիր կա, իսկ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն Իրանին հարվածելու ծրագիր է պատրաստել։ Հարվածները կարող են սկսվել արդեն չորեքշաբթի, եթե Թրամփը համապատասխան հրաման տա։

Միաժամանակ դիվանագետները փորձում են Թեհրանի հետ պայմանավորվել Հորմուզի նեղուցի բացման, միջուկային խնդրի լուծման և ռազմական նոր սրացման կանխման շուրջ։

Իրանը հերքում է քիմիական զենք ունենալը և նախկինում նման մեղադրանքներն անվանել է Իսրայելի կողմից մղվող հոգեբանական պատերազմ։ Միևնույն ժամանակ ամերիկյան հետախուզական գերատեսչություններն արդեն երկար տարիներ հայտարարում են, որ Թեհրանը, հավանաբար, շարունակում է հետազոտությունները քիմիական և կենսաբանական խոցման միջոցների ոլորտում։

Ամերիկացի որոշ պաշտոնյաներ զուգահեռներ են անցկացնում Իրաքի հետ, երբ 2002 թվականին ԱՄՆ հետախուզությունը ներկայացրեց Բաղդադի՝ զանգվածային ոչնչացման զենք ունենալու վերաբերյալ գնահատականներ, որոնք հետագայում սխալ դուրս եկան։

Փորձագետները նաև նշում են, որ հրթիռի համար քիմիական զինամթերք ստեղծելը տեխնիկապես հնարավոր է, սակայն թունավոր նյութի արդյունավետ տարածումն ապահովելը զգալիորեն ավելի բարդ է։