News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սիսիան համայնքի ավագանու նիստը, որի օրակարգում համայնքապետի երդման արարողությունն էր, այսօր՝ հոկտեմբերի 18–ին էլ իրավազոր չլինելու պատճառով չկայացավ։ ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանին արդեն երկրորդ անգամ չհաջողվեց երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։

Հոկտեմբերի 15–ին նշանակված նիստը կրկին քվորում չլինելու պատճառով չէր կայացել։  

Նիստը վարողը հայտարարեց, որ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը հնարավորություն է տալիս սպասել եւս 30 րոպե, որպեսզի նիստից բացակայող ավագանու անդամները կարողանան ներկայանալ նիստին եւ քվորում ապահովեն, սակայն կես ժամ անց էլ իրավազոր չլինելու պատճառով արտահերթ նիստը չկայացավ ։

Նշենք, որ ավագանու 4 մանդատից նախ հրաժարվել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը, հայտարարելով, որ նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում։

Երկու օր անց՝ հոկտեմբերի 14–ին, մանդատներից հրաժարվելու մասին հայտարարեցին նաեւ «Աշխատանք եւ արդարություն» եւ «Մեկ Հայաստան» խմբակցությունները, որոնք ընդհանուր ունեին 7 մանդատ։ 

Ավելի վաղ գրել էինք, որ եթե ավագանու 21 անդամներից 11–ը մանդատները վայր են դրել, ապա Սիսիան համայնքի ղեկավարի երդման արարողությունը քվորում չլինելու պատճառով տեղի չի ունենա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12–ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավարն իր լիազորություններն ստանձնում է իր ընտրվելուց հետո` երրորդ օրացուցային օրը, ավագանու` օրենքի ուժով հրավիրված նիստում համայնքի բնակիչներին տրված հետեւյալ երդմամբ։

Նշենք, սակայն, որ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաեւ ավագանու անդամին: Օրենքը հնարավորություն է տալիս, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն եւ ավագանու նոր ընտրություններ նշանակվեն։

Նման նախադեպ ստեղծվել էր 2021 թվականի դեկտեմբերի 5–ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, երբ առավել շատ մանդատ ստացավ ընդդիմադիր «Հայք» խմբակցությունը, բայց իշխող ուժին՝ ՔՊ–ին հաջողվեց  ընդդիմությունից մեկ քվե կորզել, եւ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց իշխանական թեկնածու Տավրոս Սափեյանը։ Բայց ձայն «գողանալն» էլ Սափեյանին հաջողություն չբերեց։ Համայնքապետի պաշտոնում ընտրվելուց հետո, նա նույնիսկ չկարողացավ երդման արարողություն անցկացնել՝ ավագանու անդամների քվորում չլինելու պատճառով, հետագայում նույն պատճառով ավագանու նիստեր տեղի չունեցան։ Ամիսներ անց, սակայն, իշխանության նախաձեռնությամբ, օրենք ընդունվեց, որով հնարավորություն ստեղծվեց Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել եւ ավագանու նոր ընտրություններ նշանակել։

 

Տպել
Ամենաշատ