Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

«Ժամանակ». Ռուսական պատվիրակությունը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը Ցյուրիխում էր եւ այդպիսով իր անուղղակի գնահատականը տվել է գործընթացին, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան՝ նշելով, որ ՌԴ-ն կարեւոր է համարում հարաբերությունների կարգավորումը՝ ի շահ երկու երկրների, եւ ամեն ինչ արել է այդ նպատակի համար:

Իհարկե, ենթադրվում է, որ Զախարովան նկատի ունի Հայաստանն ու Թուրքիան, բայց այդուհանդերձ հնարավոր է հարցնել, ի շահ հատկապես ո՞ր երկու երկրների, այսինքն՝ ո՞ր երկու երկրներն էին շահում հայ-թուրքական արձանագրություններից: Բանն այն է, որ հայ-թուրքական արձանագրությունների եւ ընդհանրապես «ֆուտբոլային գործընթացի» ամբողջ պատմությունը բավականին բազմաշերտ էր եւ դրանում ուղղակի, թե անուղղակի ներգրավված էին տարբեր կողմեր՝ Հայաստան, Թուրքիա, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Եվրամիություն, Ադրբեջան: Ցյուրիխում, օրինակ, ոչ միայն Լավրովն էր, այլ ԱՄՆ, Ֆրանսիայի արտգործնախարարները, Եվրամիության հանձնակատար Սոլանան, որը հետո շնորհավորելիս քաշել էր Հայաստանի արտգործնախարարի այտերը, ինչը Ցյուրիխի հիշարժան դրվագներից մեկն էր:

Արձանագրությունների ստորագրմանն ու ընդհանրապես գործընթացին ներկա, մասնակից, ներգրավված բազմաթիվ այդ սուբյեկտներից յուրաքանչյուրն անկասկած ուներ իր շահը, պատկերացումը, եւ դրանք էլ անշուշտ, մեղմ ասած, տարբեր էին: Հետեւաբար իսկապես բարդ է ասել, թե հատկապես ո՞ր երկու երկրների շահն էր ամենից շատ արտացոլում այդ գործընթացը: Հայ-թուրքական հարաբերության կարգավորումից կարող են շահել բազմաթիվ տանդեմներ՝ կախված այդ կարգավորման բովանդակությունից, պայմաններից: Ավելին՝ շատերը կարող են շահել կարգավորման տապալումից, եւ ըստ այդմ՝ հնարավոր է ամեն ինչ անել այն տապալելու համար:

Հավանաբար մի օր հանգամանալից մանրամասներ կհրապարակվեն այդ գործընթացից, ինչը հնարավորություն կտա հասկանալ, թե որքան էր դրանում Ռուսաստանի նախաձեռնող դերը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Գյուլին հրավիրեց Ռուսաստան այցի ընթացքում՝ Մոսկվայի հայ համայնքի հետ հանդիպմանը, ինչո՞ւ Գյուլը հրավերն ընդունեց միայն մի քանի ամիս անց՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, ինչո՞ւ Նալբանդյանը չէր ուզում ստորագրել արձանագրությունները Ցյուրիխում եւ դուրս չէր գալիս հյուրանոցի համարից, ինչպես հիշել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Քլինթոնը: Ի վերջո՝ ինչո՞ւ Անկարան ստորագրեց դրանք, եթե տասը տարի անց էլ չէր վավերացնելու: Ինչուները իսկապես բավականին շատ են:

Թվում է, որ գործընթացն արդեն անցյալում է, եւ դրանք կարեւոր կարող են լինել զուտ վիճակագրական կամ պատմագրական հետաքրքրության տեսանկյունից: Բայց թեեւ արձանագրությունները չեղարկվել են, այդուհանդերձ, այդ հարցերը ունեն պրակտիկ քաղաքական կարեւորություն՝ հնարավորինս ամբողջական հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է արձանագրությունները չեղարկելուց հետո, եւ արդյո՞ք ստեղծելով այդ իրավիճակը՝ Սերժ Սարգսյանը հետաքրքրել է որեւէ կենտրոնի: Թե՞ ներկայումս որեւէ մեկը չունի Մերձավոր Արեւելքի նոր թեժացումներից ուշադրություն շեղելու եւ հայ-թուրքական ուղղությամբ նայելու ժամանակ ու ցանկություն: Ուժային կենտրոնները, համենայնդեպս նրանք, որոնք Ցյուրիխում էին տասը տարի առաջ, առանձնապես աշխուժություն չցուցաբերեցին Հայաստանի քայլին արձագանքելիս: Ընդ որում՝ տպավորություն է, որ Սերժ Սարգսյանի քայլն ուշացած էր եւ թերեւս մի քանի տարի առաջ այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը կարող էր ստեղծել ավելի աշխույժ իրավիճակ, քան ներկայումս:

Թեեւ հնարավոր է, որ ներկայիս հարաբերական անդորրը ժամանակավոր է, եւ եթե Սարգսյանն ապրիլին սկսում է իր իշխանության նոր «տասնամյակը», ապա Ցյուրիխի կենտրոններին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչով է նա փակում հինը, այլ այն, թե ինչով կարող է բացել նորը: Հնարավոր է, որ հենց այդ հարցն է մնացել վերջին կետը, որպեսզի Սարգսյանը որոշակիացնի իր վարչապետությունը աշխարհաքաղաքական կոնսենսուսի իմաստով: Գուցե դրա համար Սարգսյանը չի հայտարարում, թե ինչ է մտադիր անել ապրիլին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Partner news