Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի» պետեկամուտների կոմիտեում կարծես թե նոր մոնոպոլ ընկերություն է ձեւավորվում։ Նախկին «Նորֆոլկ քոնսալթինգից» ՊԵԿ նոր ղեկավարությունն ազատվեց, որ սեփական «նորֆոլկը» ստեղծի։ Խոսքը «Յունիսերվ» ՍՊԸ-ի մասին է, որը զբաղվելու է մաքսային միջնորդական ծառայությամբ եւ կարող է մոնոպոլիզացնել ոլորտը։

Արդեն փակվել են «Ուրբան» մաքսային տերմինալը եւ Արարատյան մաքսատանը գործող 3-րդ ձեւակերպման բաժինը, այդ գործառույթները կիրականացվեն «Յունիսերվ»-ի միջոցով։

Մեզ ասացին, որ ընկերությունը ստեղծվել է 2018 թ. վերջին, եւ հետեւում կանգնած են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանն ու ՊԵԿ նախկին փոխնախագահ, 2018-ի օգոստոսին պաշտոնից ազատված Արա Գաբրիելյանը (լուսանկարում)։

Նույն նպատակով էլ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ժամանակին ստեղծեց «Նորֆոլկը», ինչի արդյունքում հսկայական գումարներ էին աշխատում։ Հիմա նույնն են անում, եւ չի բացառվում՝ հենց ՊԵԿ բարձրաստիճան դեմքերի մասնակցությամբ, նման բաներն առանց վերեւների հետ համաձայնեցման տեղի չեն ունենում։

Այս տեղեկությունը ճշտելու համար նախ այցելեցինք պետռեգիստրի e-register.am կայքը եւ պարզեցինք, որ «Յունիսերվ» ընկերության հիմնադիր է հանդիսանում Արա Գաբրիելյանը միանձնյա, ընկերությունը գրանցել է 2018 թ. նոյեմբերի 1-ին։

Քանի որ Շուշանիկ Ներսիսյանն ի պաշտոնե չի կարող մասնավոր ընկերություն հիմնադրել, նրա անունը ֆորմալ առումով չկա հիմնադիրների ցանկում։ Ի դեպ, Գաբրիելյանը մտադիր չէ բավարարվել միայն Արարատյան մաքսատան գրասենյակով եւ նպատակ ունի մասնաճյուղեր բացել այլ տարածքներում եւս։

Այս թեմայով զրուցեցինք ընկերության հիմնադիր Արա Գաբրիելյանի հետ, որը հաստատեց, որ նման ընկերություն է հիմնել, որն արդեն ստացել է ՊԵԿ-ի կողմից լիցենզիան եւ մաքսային միջնորդական ծառայություններ է իրականացնելու, այդ թվում՝ ոչ միայն Արարատյան մաքսատանը։ Նա նաեւ նշեց, որ դե յուրե եւ դե ֆակտո միայն ինքն է այս ընկերության հետեւում կանգնած»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ