Միջազգային հայտնի իրավապաշտպան և փաստաբան Ռոբերտ Ամստերդամը խստորեն քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ մեղադրելով նրանց Ադրբեջանից կախվածության և սեփական քաղաքացիների ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ։ Այս մասին նա հայտարարել է Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները / Voices of Armenia» համաժողովի ժամանակ։
Ամստերդամն ելույթն սկսել է անձնական հիշողությամբ. վերջին անգամ նա լրագրողների առջև ելույթ է ունեցել Մոսկվայում 2004 թվականին՝ Անա Պոլիտկովսկայայի հրավերով։ Մեկ տարի անց նրան ձերբակալել են, իսկ երկու տարի անց սպանել են Պոլիտկովսկայային։ Այս մռայլ զուգահեռը նա պատահական չի անցկացրել՝ որպես հիշեցում այն մասին, թե երբեմն ինչով է ավարտվում հանուն ճշմարտության պայքարը։
Ելույթի առանցքային թեման Բաքվում պահվող հայ պատանդների ճակատագիրն էր։ Ամստերդամին ցնցել է այն փաստը, որ Հայաստանում գրեթե ոչ մի տեղ չեն երևում նրանց լուսանկարները։ Նա ուղղակի զուգահեռ է անցկացրել Իսրայելի հետ, որտեղ պատանդների նկարները ամենուր էին՝ խանութներում, փողոցներում, ցանկացած հանրային վայրում։ «Քանի դեռ նրանք գերության մեջ են, դուք էլ եք գերության մեջ»,- դիմելով հայ լսարանին՝ հայտարարել է իրավապաշտպանը։ Նա կոչ է արել պատանդների դիմանկարներով զանգվածային երթեր կազմակերպել ամեն անգամ, երբ երկիր են այցելում արևմտյան բարձրաստիճան հյուրեր։
Նա քննադատել է նաև Եվրոպական միությանը։ Ըստ Ամստերդամի, ԵՄ-ն Հայաստանի հետ ստորագրել է համաձայնագիր, որտեղ իրավունքի գերակայությունը հռչակված է որպես առաջնահերթություն, սակայն գործնականում այդ պարտավորությունը մնում է թղթի վրա։ Իրավապաշտպանը հայտարարել է, որ քաղաքացիական հասարակությունն ամեն հիմք ունի դատի տալու Եվրոպական միությանը՝ մարդու իրավունքների և խոսքի ազատության ոլորտում սեփական պարտավորությունները չկատարելու համար։ Նա նաև մեղադրել է եվրոպական կառույցներին այն բանում, որ նրանք գործող իշխանությունների շահերից ելնելով ֆինանսավորում են սոցիալական ցանցերի ալգորիթմների վրա ազդելու գործիքներ և աշխատում են բացառապես իշխանամետ ուժերի հետ՝ անտեսելով ընդդիմությանը։
Ամստերդամն առանձնահատուկ անդրադարձել է Հայ եկեղեցու նկատմամբ ճնշումներին։ Կաթողիկոսի դեմ հարձակումները նա դիտարկել է ոչ թե որպես գրոհ առանձին անհատի վրա, այլ որպես հարված հայկական ողջ ինքնությանը՝ ժողովրդի պատմությանը, լեզվին և մշակույթին։
Եզրափակելով ելույթը՝ իրավապաշտպանը հայ հասարակությանը կոչ է արել վեր կենալ «պասիվ աթոռից» և գործել՝ դուրս գալ խաղաղ երթերի, կրել պատանդների դիմանկարները և հասնել նրան, որ համաշխարհային առաջնորդները չկարողանան աչք փակել այդ ամենի վրա։ Նրա համոզմամբ, հենց այդպես են տեղի ունենում իրական քաղաքական փոփոխությունները՝ ոչ թե աշխատասենյակների լռության մեջ, այլ փողոցներում։











