Հայաստանի կախվածությունը ԵԱՏՄ-ից երբեք այնքան ուժեղ չի եղել, որքան գործող իշխանությունների օրոք։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում օգոստոսի 4-ին այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է Ռուսաստանից զբոսաշրջային հոսքերով։ «Իսկ եթե դա չլինի, ի՞նչ են անելու իշխանությունները»,- հարց է բարձրացրել ընդդիմադիր գործիչը։
Նա հավելել է, որ ընդդիմությունը երկար ժամանակ ասում էր, թե մեկ առևտրային գործընկերոջից կախվածությունը ռիսկեր է ստեղծում՝ անկախ տվյալ գործընկերոջ հետ քաղաքական հարաբերություններից։ «Իշխանությունները պետք է դիվերսիֆիկացման քաղաքականություն վարեին՝ ցնցումները մեղմելու համար»,- պարզաբանել է պատգամավորը։
Ըստ նրա գնահատականի՝ խնդիրը ոչ թե ինքնին ԵԱՏՄ-ի մեջ է, այլ կազմակերպության և դրա անդամ երկրի՝ ի դեմս Հայաստանի հարաբերություններում։ Խաչատրյանը նշել է, որ եթե ԵԱՏՄ-ի վրա մութ ամպեր կուտակվելիս լինեին, հենց իրենք կզանգեին ու դիմում կհղեին Հայաստանին։
«Եթե չլիներ ԵԱՏՄ-ն, ապա իշխանություններն ինչպե՞ս էին պատրաստվում թղթի վրա նկարել տնտեսական աճը՝ նախ 18․2%, հետո 8․5%, ապա շուրջ 7%։ Հայաստանի տնտեսությունը 2022-ից 2024 թվականներն ընկած ժամանակահատվածում աճել է բացառապես այն պատճառով, որ երկիրը ԵԱՏՄ անդամ է և կարողացել է եկամուտներ ապահովել Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցների ֆոնին»,- ընդգծել է պատգամավորը՝ ցավով նշելով, որ իշխանությունները չեն կարողացել կապիտալիզացնել կարճաժամկետ դրամական հոսքերը և ավելացնել տնտեսության ներուժը։
Մեկնաբանելով ԵԱՏՄ «վերջի սկզբի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Հայաստան» խմբակցության քարտուղարը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ճիշտ գնահատել սեփական ռեսուրսները։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանություններին 1991 թվականից ի վեր հաջողվում էր արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական քաղաքականության մեջ հավասարակշռություն պահպանել Ռուսաստանի, Արևմուտքի և Իրանի միջև՝ կիրառելով «և՛-և՛»-ի սկզբունքը։ «Փաշինյանը որոշեց կիրառել «կամ-կամ»-ի սկզբունքը։ Մենք նախազգուշացնում էինք, որ նման քաղաքականությունը կարող է երկիրը կանգնեցնել արտաքին քաղաքական երեք բևեռների միջև ընտրության առջև։ Նա Հայաստանը վերածեց դրանց միջև բախման ասպարեզի»,- ընդգծել է Արթուր Խաչատրյանը։
Նա նշել է, որ ԵՄ-ին անդամակցելու հիմնական քաղաքական նախապայմաններից մեկը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումն է։ «Դու մի քաղաքական-տնտեսական դաշինքից ուզում ես անցնել մեկ այլ դաշինք, որն ընդգծված թշնամական վերաբերմունք ունի առաջինի նկատմամբ։ Այդ դեպքում առաջինից ի՞նչ արձագանք էիր սպասում։ Ռուսաստանն ավելի դիվանագիտորեն է հայտարարում՝ ասելով, որ դա ձեր ընտրությունն է, բայց ինչո՞ւ պետք է դուրս գալու գործընթացը մենք ֆինանսավորենք»,- հավելել է պատգամավորը։
Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի հետ անդամակցության և հարաբերությունների հարցը արտաքին քաղաքական կողմնորոշման հարց է։ «Եթե փորձում ես փոխել արտաքին քաղաքական կողմնորոշումդ, ապա ինչո՞ւ ես զարմանում, որ այն կենտրոնը, որի անդամն ես ներկայումս, քո դեմ պատասխան միջոցներ կկիրառի։ Հարցը նաև նրանում է՝ Եվրոպան քեզ կընդունի՞, թե՞ ոչ»,- պարզաբանել է պատգամավորը՝ որպես օրինակ բերելով Թուրքիան և Վրաստանը։
Նա նշել է, որ Եվրոպա ապրանքներ արտահանելու համար անհրաժեշտ է ներդրումներ անել և բարձրացնել որակի ստանդարտները, որպեսզի հնարավոր լինի այնտեղ արտադրանքի արտահանում կազմակերպել։ «Այսինքն՝ իշխանությունները չեն գնահատել նման վերակողմնորոշման ո՛չ ռիսկերը, ո՛չ դրական կողմերը։ Իսկ բացասական հետևանքները մենք տեսնում ենք արդեն հիմա, ինչպես այսօր ծիրանի և ձկնամթերքի դեպքում է։ Սպառման շուկայի վերակողմնորոշման համար երկար տարիներ կպահանջվեն։ Այսինքն՝ խնդիրն առաջանում է այսօր, իսկ լուծման համար կարող են տարիներ պահանջվել։ Այդ դեպքում ինչպե՞ս ես պատրաստվում օգնել արտադրողներին դժվարությունները հաղթահարելու հարցում»,- եզրափակել է Արթուր Խաչատրյանը։











