Կոլումբիայի կենտրոնական շրջաններում այս ամիս անտառային հրդեհները նախնական տվյալներով ոչնչացրել են շուրջ 30 հազար հեկտար տարածք: Տոլիմայի դեպարտամենտի իշխանությունները կասկածում են, որ հրդեհների մի մասը կարող է դիտավորյալ հրկիզված լինել հանցավոր խմբավորումների կողմից, հայտնում է Associated Press-ը:

Տոլիմայի նահանգապետ Ադրիանա Մատիսը հայտարարել է, որ առկա են հնարավոր դիվերսիաների «լուրջ ապացույցներ»: Նրա խոսքով՝ ինքն արդեն համապատասխան հայցով դիմել է Կոլումբիայի Գլխավոր դատախազություն:

Մատիսը պատմել է, որ տեղի բնակիչները տեսանյութեր են նկարահանել, որտեղ երևում է, թե ինչպես են մոտոցիկլետներով տղամարդիկ հրդեհում առանձին հատվածները: Բացի այդ, տեղի հրշեջ ծառայություններից մեկի զեկույցի համաձայն՝ բռնկումներից մեկի ժամանակ բենզին է օգտագործվել:

Նահանգապետի կարծիքով՝ զինված խմբավորումները կարող են օգտագործել հրդեհները, որպեսզի իրավապահ մարմինների ուշադրությունը շեղեն ռազմավարական նշանակություն ունեցող այն շրջանից, որտեղ հանցավոր խմբերը եկամուտներ են ստանում ոսկու արդյունահանումից:

Կոլումբիայի նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյան նույնպես հայտարարել է, որ որոշ հրդեհներ կարող են դիտավորյալ հրկիզման հետևանք լինել: Երկուշաբթի օրը նա իրավապահ մարմիններին հանձնարարել է հետաքննել հանցագործների հնարավոր առնչությունը:

Բացի այդ, նախագահը դիմել է ԱՄՆ-ի և Չիլիի իշխանություններին՝ հրդեհաշիջման գործում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:

Իրավիճակն ավելի են սրում անսովոր բարձր ջերմաստիճանն ու տեղումների պակասը: Տոլիմայի Cortolima բնապահպանական գերատեսչության տվյալներով՝ որոշ շրջաններում ջերմաստիճանն այս ամիս ավելի քան 2°C-ով գերազանցում է միջին ցուցանիշները, իսկ տեղումների քանակը նորմայից ցածր է 30%-ով:

Անտառային հրդեհները մոլեգնում են նաև Կոլումբիայի այլ դեպարտամենտներում, այդ թվում՝ Կունդինամարկայում, Վալյե դել Կաուկայում, Նարինյոյում և Բոյակայում:

Տոլիման մնում է ամենաշատ տուժած շրջանը: Տեղական իշխանությունների տվյալներով՝ կրակը ոչնչացրել է շուրջ 8 հազար հեկտար գյուղատնտեսական հողատարածք և 50 տուն: Զոհեր չկան:

«Կան մարդիկ, ովքեր կորցրել են եգիպտացորենի կամ կիտրոնի ողջ բերքը: Կան մարդիկ, ովքեր անասուններին կերակրելու ոչինչ չունեն: Մենք լուրջ տնտեսական ճգնաժամի ենք բախվում և պետք նախապատրաստվենք դրան», — հայտարարել է Մատիսը: