Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին աջակցելու համար, հաղորդել է «Կոմերսանտը»։

Ռուսաստանի և Իրանի նախագահները հանդիպել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում, Բիշքեկում։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ այն դիրքորոշման համար, որը զբաղեցրել եք պատերազմի, բոլոր հակամարտությունների և ԱՄՆ պատժամիջոցների ընթացքում», — հայտարարել է Փեզեշքիանը։ Նա նշել է, որ Մոսկվան աջակցել է Թեհրանին ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում։

Իրանի նախագահի խոսքով՝ Իրանի մասնակցությունը ՇՀԿ-ին, ի թիվս այլնի, նպատակ ունի հակազդել միջազգային հարաբերություններում միակողմանի մոտեցմանը։ «Մենք ցանկանում ենք դուրս գալ այդ միակողմանիության շրջանակներից։ Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք», — ասել է Փեզեշքիանը։

Պուտինն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է աջակցել Իրանին բարդ իրավիճակում։ «Մենք այդ հարցով ձեզ հետ խոսել ենք, ձեզ մատակարարում ենք անհրաժեշտ ապրանքները», — ասել է ՌԴ առաջնորդը։

Նա նաև նշել է, որ չնայած ռազմաքաղաքական իրավիճակին՝ Ռուսաստանին և Իրանին հաջողվում է պահպանել անցյալ տարի ձևավորված երկկողմ առևտրի դինամիկան։