2006 թվականին «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ–ի գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանին պատկանող «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ Վարձակալված անշարժ գույքի մի մասը 2010 թվականին Կառավարության որոշմամբ, ուղղակի վաճառքով օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը։ 2022 թվականին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ը հիմնադրեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ն, որը ձեռք բերեց «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ -ի հողերի ու շենք-շինությունների մնացած մասը, գրում է «Հետքը»։
Իսկ ավելի քան 37 հա հողամասը վարձակալության հանձնվեց այդ նորաստեղծ ընկերությանը մինչև 2056 թվականը։ Այս գործարքների արդյունքում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը դարձավ ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի ընտանիքի սեփականությունը։
«Հետք»-ը գրում է՝ հյուրանոցային մասնաշենքերը, հասարակական նշանակության շինությունները, բուժական կենտրոնը, որոնք Կառավարության 2010 թվականի որոշմամբ վաճառվել էին «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ին, 2022 թվականից պատկանում են «Ծաղկաձորի սպորտ կոմպլեքս» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Ընկերության սեփականատերը 2022 թվականից Վարդան Զաքարյանն է։
Վարդան Զաքարյանը ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Զաքարյանի որդին է։ Իշխան Զաքարյանը պետական ապարատում է դեռ 90-ականներից։ Նա 1997-2003 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարարի պաշտոնը: 2006-ին, երբ Ծաղկաձորի մարզահամալիրը 50 տարի ժամկետով վարձակալության տրվեց նրա ընկերոջը պատկանող ընկերությանը, Զաքարյանը ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահն էր: Իսկ 2010-ին, երբ մարզահամալիրի մեծ մասն օտարվեց «Նյու հորիզոն գրուպ ինկ» ընկերությանը, Իշխան Զաքարյանը Հաշվեքննիչ պալատի նախագահն էր։
2011 թվականից մինչ օրս Զաքարյանը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է: Կոմիտեի փոխնախագահն էլ Ալբերտ Բոյաջյանն է։
Իշխան Զաքարյանը նաև խորհրդարանական գործունեության հարուստ փորձ ունի՝ 4 անգամ պատգամավոր է ընտրվել։ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին Զաքարյանը մասնակցում էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով։ Պատգամավոր դառնալուց ամիսներ անց՝ 2021-ի դեկտեմբերին նա հեռացավ խմբակցությունից և դարձավ անկախ պատգամավոր։
Հատկանշական է, որ անկախ պատգամավոր դառնալուց հետո Զաքարյանը կողմ է քվեարկել Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ ընտրելու որոշմանը։ Զաքարյանի ձայնը վճռորոշ էր իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար, քանի որ նրանց ձայներն այդ պահին չէին բավարարում Խաչատուրյանին ընտրելու համար։
Ինչպես վերևում նշեցինք, 2022 թվականին Կառավարությունը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի գույքի մի մասը վաճառեց «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին։
Այս ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին Ալբերտ Բոյաջյանի կողմից։ 2024 թվականին ընկերության սեփականատեր է դարձել Վարդան Զաքարյանը։ Նա Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։




























