Եվրոպական միությունում 1 լիտր դիզելային վառելիքի միջին գինը հասել է ռեկորդային 2,23 եվրոյի։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վերլուծելով Եվրահանձնաժողովի տվյալները։

Ըստ վերլուծության՝ բացի ընդհանուր ռեկորդից, վառելիքի գների պատմական առավելագույն ցուցանիշ է գրանցվել ԵՄ 19 երկրում (այդ թվում՝ Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում)։ Ամենաթանկ դիզելային վառելիքն արձանագրվել է Դանիայում և Ֆինլանդիայում (1 լիտրը՝ 2,56 եվրո)՝ առաջ անցնելով Գերմանիայից (2,46 եվրո)։ Դրանց հաջորդում են Բելգիան և Ֆրանսիան (1 լիտրը՝ 2,40-ական եվրո), իսկ առաջատարների քառյակը եզրափակում է Իտալիան, որտեղ սպառողները ստիպված են վճարել մոտ 2,30 եվրո։

Ավելի վաղ վառելիքի խոշորագույն մատակարարներին ու լցակայանների տերերին միավորող իտալական Unem արհմիության նախագահ Ջաննի Մուրանոն պարզաբանել էր, որ Եվրոպայում վառելիքի բարձր գները պայմանավորված են մի շարք գործոններով, այդ թվում՝ Ռուսաստանից նավթամթերքի առաջարկի նվազմամբ։