Եվրամիությունը նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ամերիկյան դիզելային վառելիքի համաշխարհային շուկա արտահանումն արգելելու ծրագրերի հնարավոր հետևանքների մասին։ Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ նման քայլը կարող է բացասաբար անդրադառնալ թե՛ Եվրոպայի, թե՛ հենց ԱՄՆ-ի վրա, գրում է Guardian-ը։

Եվրահանձնաժողովն «անհանգստություն» է հայտնել այն տեղեկությունների կապակցությամբ, որ ԱՄՆ նախագահը դիտարկում է դիզելի արտահանումը արտասահման ժամանակավորապես սահմանափակելու հնարավորությունը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Թրամփն ուսումնասիրում է արտահանման 90-օրյա արգելքի տարբերակը, որը պետք է ժամանակավորապես նվազեցնի վառելիքի գները ամերիկացի սպառողների համար՝ միջանկյալ ընտրություններից առաջ։ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին գինը հասել է ռեկորդային՝ մեկ գալոնի համար 6,52 դոլար։

«Ես ասացի՝ եկեք դիզելը չուղարկենք արտասահման։ Մենք շատ դիզել ենք արտադրում… Ես կոչ եմ արել դա անել։ Ես կոչ եմ արել իմ մարդկանց դա անել»,- հայտարարել է Թրամփը։

ԵՄ գործադիր մարմնի ներկայացուցիչ Օլաֆ Գիլը հինգշաբթի հայտարարել է, որ «մատակարարումների ցանկացած խափանում կարող է բացասաբար ազդել երկու կողմերի վրա»։ Ըստ նրա՝ ԵՄ-ն ակնկալում է, որ «մերձավոր գործընկերները միմյանց հետ կխորհրդակցեն՝ նախքան ընդհանուր շուկաների վրա ազդող միջոցներ ձեռնարկելը»։

ԵՄ-ի դիվանագիտական նախազգուշացումը հնչել է փորձագետների գնահատականների ֆոնին, որոնք ԱՄՆ-ից հնարավոր արտահանման արգելքը Եվրոպայի համար «կործանարար» են անվանել։ Թրեյդերները նույնպես սկսել են գնահատել, թե որքանով է եվրոպական շուկան կախված ամերիկյան մատակարարումներից։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն ավելի վաղ զգուշացրել էր, որ արտահանման արգելքը կլինի «կոպիտ գործիք», որը երկարաժամկետ հեռանկարում կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ ներսում վառելիքի մատակարարումների վրա։

Եվրոպայի համար հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել։ Այս տարի ամերիկյան դիզելը կազմել է եվրոպական ներմուծման մոտ մեկ երրորդը, քանի որ պատերազմից տուժած Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մատակարարումները կտրուկ կրճատվել են։ Օգոստոսին ԱՄՆ-ն ապահովում էր Եվրոպա դիզելային վառելիքի ներմուծման մոտ կեսը։

Գերմանիայում և Նիդեռլանդներում բենզալցակայաններում գներն արդեն հասել են ռեկորդային մակարդակների, ինչը հանգեցրել է եվրոպական իշխանություններին՝ բնակչությանը ծախսերի աճից պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու կոչերի։

Մեծ Բրիտանիայում վարորդները կարող են արդեն առաջիկա օրերին բախվել գների նոր պատմական առավելագույններին։  RAC-ի տվյալներով՝ հինգշաբթի դիզելի միջին արժեքը կազմում էր 197,75 պենս մեկ լիտրի համար՝ Իրանի հետ պատերազմի սկսվելուց առաջ եղած 142,38 պենսի դիմաց։

«Դիզելային վառելիքի արտահանման ԱՄՆ արգելքը կործանարար կլինի Եվրոպա մատակարարումների համար, որոնց համար չափազանց դժվար կլինի փոխարինում գտնել ամերիկյան վառելիքին»,- հայտարարել է հումքային շուկաների վերլուծությամբ զբաղվող  Argus Media-ի եվրոպական դիզելի գնագոյացման բաժնի ղեկավար Ջոշ Միխալովսկին։

Միևնույն ժամանակ Եվրոպայում բենզալցակայանները, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ առանց վառելիքի չեն մնա. եվրոպական նավթավերամշակման գործարաններն արտադրում են տարածաշրջանի ներսում սպառվող դիզելի մոտ 70%-ը, իսկ երկրներն ունեն նաև պահուստային պաշարներ։ Սակայն փորձագետները մտավախություն ունեն, որ համաշխարհային շուկայում հասանելի վառելիքի խմբաքանակների համար մրցակցելու անհրաժեշտությունը կհանգեցնի գների հետագա աճին։