Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի և Երասխի Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած և հետագայում ավերված երկաթուղային հատվածները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 81–րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, սա ունենալու է նաև հսկայական միջազգային նշանակություն, որովհետև նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ Հայաստանը սպասում է Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը։

«Թրիփ նախագծի հետ միասին սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետև այսպիսով երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և ԵՄ–ի միջև»,–ասաց նա։

Փաշինյանը նաև հավելեց. «Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրը այս ամբիոնից ասած խոսքերը այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Մեր մյուս երկու հարևաններ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նախկինում, մեզ համար ունեն բացառիկ կարևորություն և մեր բարեդրացիությունը շարունակում է զարգանալ և խորանալ»։