Իհարկե կան մոտեցումներ, կան դիրքորոշումներ, ես հիմա ավել բան չեմ բացահայտի, բայց ես կարծում եմ, որ այն կանոնակարգը, որ մենք հաստատել ենք, սկզբունքորեն կամ սկզբունքների մասին բավարար պատասխաններ տալիս է, թե ոնց այդ հարցերը կլուծվեն, ինչ ընթացակարգով և ինչ տրամաբանությամբ։ Այս մասին NEWS.am-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ կա՞ պատկերացում, թե ինչպես է լուծվելու անկլավների հարցը, կա՞ մոտեցում, որը Հայաստանը սեղանին է դնելու, ասի՝ սա է իմ առաջարկը, եկեք այսպես լուծենք։

«Ամենակարևորը, որ կցանկանայի շեշտել, այն է, թե ինչ իրավական հենքի վրա է դա արվելու։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ կանոնակարգում հղումը Ալմաթիի հռչակագրի վրա կարևոր նշանակություն ունի։ Այդ հղումը հնարավորություն է տալիս կանխորոշել, թե ինչ իրավական հենքի, ինչ քարտեզների հիման վրա կշարունակվի աշխատանքը, այդ թվում ձեր կողմից նշված հարցերի շուրջ»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ժամանակ առաջ ՀՀ իշխանությունները հայտարարում էին, որ անկլավների համար իրավական հիմք չկա, հիմա արդյոք այդ հիմքերը հիմա գտնվե՞լ են, Մհեր Գրիգորյանն ասաց. «Եթե ես ձեզ հիմա դրա մասին պատմեմ, դա սխալ կլինի թե տակտիկական իմաստով, թե կոռեկտության իմաստով։ Իհարկե, երկու կողմն էլ ունեն իրավական հիմքեր, ունեն տոպոգրաֆիկ քարտեզներ, որոնք նշանակություն ունեն կամ դերակատարություն կունենան սահմանազատման գործընթացում։

Իրավական հիմքը դա իրավական փաստաթղթերն են գումարած քարտեզներ, որոնք կազմվել, հաստատվել և ձևակերպվել են ճիշտ իրավական ընթացակարգերը։ Այլ կերպ ասած ոչ թե սխեմաներ են կամ նկարներ, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ։ Դրանք որպես փաստաթղթեր շատ տարբերվում են այն սովորական դասագրքային քարտեզներից կամ սխեմաներից կամ քարտեզների նկարներից, որոնք շատ հաճախ ներկայացվում են որպես փաստաթուղթ կամ քարտեզ»։

Հարցին՝ ո՞ր թվականի քարտեզներն են դրված սահմանազատման հիմքում, փոխվարչապետն արձագանքեց. «Մենք առիթ ունեցել ենք դրա մասին խոսել, այս պահի դրությամբ, եթե խոսքը Խորհրդային Միության ժամանակվա տոպոգրաֆիկ իմաստով ամենաճիշտ ընթացակարգով, և իրավաբանորեն ձևակերպված քարտեզների մասին է, ապա դա գլխավոր շտաբի 1974-1978 թվականի քարտեզներն են, որոնք հերթապահություն են անցել 1979 թվականին։ Ըստ էության իրենք եղել են Խորհրդային Միության ժամանակաշրջանում վերջին ֆորմալ, իրավական ճիշտ ընթացակարգերով ձևակերպված, կազմված և հաստատված քարտեզները»։