«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը Հայաստան է ժամանել իմ անձնական հրավերով։ Այս մասին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հոկտեմբերի 15-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հոկտեմբերի 14-ին Բելոզերովի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հայաստանի կառավարության անդամների հետ։
«Իմ բացման խոսքում ես նշել եմ, որ, սկզբունքորեն, ռուսական կոնցեսիայի հետ կապված խնդիրներ չունենք։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ»,- ասել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս նպատակին հասնելուն միտված վերլուծությունները ցույց են տվել, որ ռացիոնալ լուծումը կոնցեսիոն կառավարման ձևաչափի փոփոխությունն է։
«Այսինքն՝ կառավարման փաստացի փոխանցումը երրորդ երկրներին։ Բայց եթե մեր ռուս գործընկերները կարող են առաջարկել այս հարցի լուծման իրենց տարբերակը, մենք լիովին պատրաստ ենք այն քննարկել»,- ընդգծել է վարչապետը։
Նա նաև հայտնել է, որ նախօրեին առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ։ Այն երեք ամսվա ընթացքում պետք է պատասխանի այն հարցին, թե ինչպես անել, որպեսզի հայկական երկաթուղիները լինեն մրցունակ, մանավանդ որ զուգահեռաբար ընթանում են նաև այլ գործընթացներ։
Փաշինյանը նկատել է, որ պատժամիջոցների ազդեցության հարցում կողմերի դիրքորոշումները տարբերվում են. ռուսական կողմը կարծում է, որ դրանք չեն խոչընդոտում երկաթուղու աշխատանքին, մինչդեռ հայկական կողմը դրանց մեջ էական խնդիր է տեսնում։
«Մենք ցանկանում ենք այս հարցը լուծել բարեկամական մթնոլորտում»,- հավելել է կառավարության ղեկավարը։





























