Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զախարիան իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո Կալիֆոռնիայում փաստաբանական լիցենզիա ստանալու քննությունը չի հանձնել։ Դա պարզվել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով նրա նշանակման մասին, նրան փաստաբան է անվանել։ Այժմ իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է ստուգել՝ արդյոք Զախարիան առանց համապատասխան թույլտվության զբաղվե՞լ է իրավաբանական գործունեությամբ, հայտնում է NBC News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է, որ Զախարիան Կալիֆոռնիայի փաստաբանական քննությունը չի հանձնել։ Միևնույն ժամանակ պաշտոնյան պնդում է, որ տեխնիկապես նրան կարելի է համարել իրավաբան, բայց ոչ՝ փաստաբան։ Սակայն NBC News-ի կողմից հարցված մի քանի մասնագետներ նշել են, որ «իրավաբան» բառը լայն կիրառության մեջ ենթադրում է մարդ, որը հանձնել է որակավորման քննությունը և ստացել է իրավաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունք։

Ավարտելով Փեփերդայն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ Զախարիան բազմիցս իրեն անվանել է իրավաբան և պնդել, որ իրավաբանական գործունեությամբ զբաղվել է Չինաստանում։ Սակայն փորձագետները NBC News-ին պարզաբանել են, որ Չինաստանում իրավաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունք տվող որակավորման քննությունը կարող են հանձնել միայն ՉԺՀ քաղաքացիները։ Մասնագետներից մեկը ենթադրել է, որ Զախարիան կարող էր հաճախորդներին խորհրդատվություն տալ միջազգային գործարքների հարցերով։

NBC News-ը հաստատումներ չի հայտնաբերել, որ Զախարիան իրավաբանական գործունեության արտոնագիր ունի ամերիկյան որևէ նահանգում։ Կալիֆոռնիայի փաստաբանների պալատն ավելի վաղ հեռուստաալիքին հայտնել էր, որ իր գրանցամատյաններում տեղեկություններ չկան Զախարիային արտոնագիր տրամադրելու մասին։ Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ նրա ազգանունը երբեք չի հայտնվել Կալիֆոռնիայում փաստաբանական քննությունը հանձնածների ցանկերում։ Միաժամանակ գերատեսչությունը հրաժարվել է հստակեցնել, թե արդյոք նա փորձել է հանձնել քննությունը՝ հղում անելով գաղտնիության պահանջներին։

Չորեքշաբթի Democracy Defenders Fund կազմակերպության ներկայացուցիչները դիմել են Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտային և նահանգի փաստաբանների պալատի գլխավոր դատական իրավաբան Ջորջ Կարդոնային՝ խնդրելով ստուգել՝ արդյոք Զախարիան առանց համապատասխան թույլտվության զբաղվե՞լ է իրավաբանական գործունեությամբ։ Դիմումում ասվում է, որ իրեն կեղծորեն որպես փաստաբան ներկայացնելը կարող է լինել քրեական իրավախախտում, որը պատժվում է տուգանքով կամ մինչև մեկ տարի ժամկետով ազատազրկմամբ։

Դիմումը ստորագրածների թվում են կազմակերպության համահիմնադիր Նորմ Այզենը և Ռիչարդ Փեյնթերը՝ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի էթիկայի հարցերով նախկին խորհրդականը։ Փեյնթերը, որն այժմ դասավանդում է իրավունք Մինեսոտայի համալսարանում, հայտնի է նաև Թրամփի վարչակազմի քննադատությամբ։ Միևնույն ժամանակ նա Democracy Defenders Fund-ի աշխատակից չէ։

Կալիֆոռնիայի փաստաբանների պալատը NBC News-ին հայտնել է, որ չի կարող հաստատել՝ ստացել է արդյոք Զախարիայի դեմ բողոք և վարո՞ւմ է արդյոք հետաքննություն, քանի որ նման տեղեկությունները գաղտնի են։

Լրագրողների հարցմանն ի պատասխան՝ Սպիտակ տունը հղում է արել հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգի հայտարարությանը, որը Զախարիային անվանել է «թիմի հիանալի համալրում» և նշել, որ նա ունի մամուլի քարտուղարի պաշտոնում աշխատելու համար անհրաժեշտ հատկանիշները։ Ավելի վաղ հենց Զախարիան էր պնդել, որ զբաղվել է միջազգային տրանզակցիոն իրավունքով և ունեցել է «բոլոր անհրաժեշտ որակավորումները»։

Միևնույն ժամանակ վարչակազմը նրա իրավաբանական լիազորությունների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ չի ներկայացրել։