Թուրքիան, հավանաբար, 2028 թվականի ընտրությունները կանցկացնի նախատեսված ժամկետից շուտ, հինգշաբթի հայտնել է նախագահի խորհրդականը։ Նման քայլը թույլ կտա նախագահ Թայիփ Էրդողանին շրջանցել սահմանադրական սահմանափակումները և կրկին առաջադրվել այդ պաշտոնում, գրել է Reuters-ը։
Ներկայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի մայիսին։
«Այժմ գրեթե ակնհայտ է, որ 2028 թվականի ընտրությունները տեղի կունենան մարտին կամ ապրիլին», — Անկարայում լրագրողներին հայտնել է Էրդողանի խորհրդական Մեհմեթ Ուչումը։
Ուչումը չի հստակեցրել, թե դա ինչպես կազդի նախագահի ծրագրերի վրա։ Սակայն նրա հայտարարությունը դարձել է իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից ամենահայտնի հրապարակային ազդակներից մեկը՝ ի աջակցություն այն առաջարկի, որը նախկինում առաջ էին քաշել Էրդողանի դաշնակիցները՝ քվեարկությունը տեղափոխել, որպեսզի նրան հնարավորություն տրվի առաջադրվել ևս մեկ ժամկետի համար։
Էրդողանը Թուրքիայում իշխանության ղեկին է գրեթե 23 տարի․ սկզբում նա զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ապա դարձել նախագահ։
2017 թվականի հանրաքվեով ներդրվեց նախագահական կառավարման նոր համակարգ, որը Էրդողանին հնարավորություն տվեց 2018 և 2023 թվականներին կրկին ընտրվել պետության ղեկավարի պաշտոնում։
Թեև նոր համակարգը նախատեսում է նախագահի պաշտոնավարման երկու ժամկետի սահմանափակում, սահմանադրությունը Էրդողանին թույլ է տալիս ևս մեկ անգամ առաջադրվել, եթե խորհրդարանը նշանակի արտահերթ ընտրություններ մինչև նրա ներկայիս հնգամյա ժամկետի ավարտը։
Թուրքական ընդդիմությունը նույնպես հանդես է գալիս արտահերթ ընտրությունների օգտին, սակայն հայտարարում է, որ ցանկանում է դրանք օգտագործել որպես հնարավորություն՝ վիճարկելու Էրդողանի տնտեսական քաղաքականությունը, այլ ոչ թե նրան վերընտրվելու ևս մեկ հնարավորություն տալու համար։
«Մեր տեսանկյունից բացարձակապես անընդունելի է հարցը հանգեցնել նրան, թե ինչպես ապահովել Թայիփ Էրդողանի վերընտրությունը նախագահի պաշտոնում», — անցյալ շաբաթ հայտարարել է գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։
Անցյալ շաբաթ Էրդողանի դաշնակից Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել խորհրդարանին ընտրություններ նշանակել «հարմար ժամանակ», որպեսզի «նախագահ Էրդողանը կարողանա կրկին առաջադրվել»։
Արտահերթ ընտրություններ նշանակելու համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի ձայների երեք հինգերորդը՝ 600 պատգամավորից 360-ը։ Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) և նրա դաշնակիցները միասին ունեն 331 տեղ։ Այսպիսով, պահպանողական դաշինքին անհրաժեշտ կլինի ստանալ այլ կուսակցություններից ևս 29 պատգամավորի աջակցությունը, ինչը կարող է հեշտ խնդիր չլինել։




























