Մեծ Բրիտանիան արտաքսել է 28-ամյա Ստանիսլավ Կարպյուկին, որը դատապարտվել էր վարչապետ Քիր Սթարմերի հետ կապված գույքի հրկիզումների նախապատրաստմանը մասնակցելու համար, հայտնել է BBC News-ը՝ հղում կատարելով ՆԳՆ-ին։

Գերատեսչությունը չի հստակեցրել, թե տղամարդուն որ երկիր են արտաքսել։

Ուկրաինայում ծնված և Ռումինիայի քաղաքացիություն ունեցող Կարպյուկը 2025 թվականի մայիսին կատարված հրկիզումների գործով դատապարտված երկու անձանցից մեկն է։ Հունիսին դատարանը նրան դատապարտել էր երկու տարվա ազատազրկման։ Նրա հանցակիցը՝ Ուկրաինայի 22-ամյա քաղաքացի Ռոման Լավրինովիչը, ստացել էր յոթ տարվա բանտարկություն։

Ինչպես նշել է BBC-ն, հրկիզումները կազմակերպվել էին այն հանձնարարությամբ, որը կապված էր Ռուսաստանի հետ։ Լրագրողների տվյալներով՝ EL անունն օգտագործող անհայտ համակարգողը Լավրինովիչին գումար էր խոստացել հարձակումներն իրականացնելու համար։ Հետաքննության ընթացքում BBC-ն նաև հայտնաբերել է նշաններ, որ համակարգողը կարող էր լինել «երիտասարդ ռուս դիվանագետ»։

Հրկիզումները տեղի են ունեցել մի քանի օրվա ընթացքում։ 2025 թվականի մայիսի 8-ին Լոնդոնի Քենթիշ Թաուն շրջանում հրկիզել էին Toyota մակնիշի ավտոմեքենան, որը նախկինում պատկանել էր Սթարմերին։ Մայիսի 11-ին հրդեհ էր բռկվել հարևան Իսլինգտոն շրջանում գտնվող բնակելի շենքում, որը նույնպես կապված էր վարչապետի հետ։ Հաջորդ օրը հրդեհվել էր Սթարմերի՝ Քենթիշ Թաունում գտնվող տան մուտքը, որը նա վարձով էր տվել իր կնոջ ազգականուհուն։

Դատաքննության ընթացքում վարչապետի ազգականուհին պատմել է, որ տանն էր իր գործընկերոջ և դստեր հետ, երբ նկատել է, որ խիտ սև ծուխ է բարձրանում աստիճաններով։

Լավրինովիչն ու Կարպյուկը մեղավոր են ճանաչվել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում գույքը հրկիզմամբ վնասելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար։

Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ներկայացուցիչը տեղի ունեցածն անվանել է վրդովեցուցիչ հարձակում և հայտարարել, որ դատավճիռները պետք է նախազգուշացում լինեն նրանց համար, ովքեր համաձայնում են անծանոթների հանձնարարությունները կատարել փողի դիմաց։ Նրա խոսքով՝ Կարպյուկն այժմ արտաքսվել է երկրից։

BBC-ի հետաքննությունն այս հրկիզումները կապում է դիվերսիաների և սադրանքների ավելի լայն արշավի հետ, որը լրագրողները կապում են ռուսական պետության հետ։ Գերատեսչությունը չի հստակեցրել, թե Կարպյուկը կոնկրետ ուր է արտաքսվել։