Ընդգծված նարցիստիկ հատկանիշներ ունեցող մարդիկ այլ կերպ են ընկալում այն իրավիճակները, երբ շրջապատողները բախվում են նվաստացման կամ անհարմարության։ Նման եզրակացության են հանգել Ֆինլանդիայի Աալտոյի համալսարանի հետազոտողները, որոնք ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրության (fMRI) միջոցով ուսումնասիրել են փորձի մասնակիցների ուղեղի ակտիվությունը։ Հետազոտության արդյունքները կհրապարակվեն Cerebral Cortex գիտական հանդեսում։

Գիտնականները հայտնաբերել են, որ ընդգծված նարցիստիկ հատկանիշներ ունեցող մարդկանց մոտ ուղեղի ակտիվությունն ավելի քիչ էր համընկնում մյուս մասնակիցների ուղեղի ակտիվության հետ այն իրավիճակներում, երբ սովորաբար առաջանում է ընդհանուր ամոթի զգացում։ Միաժամանակ, ավելի քիչ ընդգծված նարցիստիկ հատկանիշներ ունեցող մարդկանց մոտ ավելի մեծ նմանություն էր նկատվում ապրումակցմանն առնչվող ուղեղային հատվածների աշխատանքի մեջ։ Տարբերությունները հիմնականում դրսևորվում էին այն գոտիներում, որոնք պատասխանատու են սոցիալական իրավիճակների մեկնաբանման և ճանաչողական ապրումակցման՝ այլ մարդկանց զգացմունքներն ու մտքերը հասկանալու ունակության համար։

«Ավելի շատ նարցիստիկ հատկանիշներ ունեցող մարդիկ այլ կերպ են արձագանքում ուրիշ մարդու խոցելի վիճակին։ Նրանք կարող են այլ կերպ հարմարվել փոխազդեցությանը, ուշադրություն դարձնել դրա այլ կողմերին կամ այլ կերպ մեկնաբանել տեղի ունեցողը»,- պարզաբանել է Աալտոյի համալսարանի դոկտորանտ Մատիաս Պիիսպանենը։

Հետազոտությունը սկսվել է գրեթե հազար մարդու առցանց հարցմամբ, որը թույլ է տվել գնահատել նարցիստիկ հատկանիշների արտահայտվածությունը։ Այնուհետև գիտնականներն ուղեղի սկանավորման են հրավիրել բարձր ցուցանիշներ ունեցող մասնակիցներին, իսկ համեմատության համար կազմել են ցածր ցուցանիշներ ունեցող վերահսկիչ խումբ։ Վերջնական վերլուծության մեջ ներառվել է 58 մարդ։

Փորձի ընթացքում մասնակիցները դիտել են տեսագրություններ, որոնցում պրոֆեսիոնալ դերասանը պատմում էր պատանեկությունից և մեծահասակ կյանքից իր անձնական պատմությունները։ Որոշ դրվագներում պատմողը հիշում էր, թե ինչպես էին իրեն դուրս թողնում ընկերախմբից, մյուսներում՝ ինչպես էին իրենով հիանում։ Դրանից հետո մեկ այլ մարդ նրան տալիս էր գնահատական, որը կարող էր կասկածի տակ դնել նրա սոցիալական կարգավիճակը․ օրինակ՝ պնդում էր, որ հիացմունք չէր վաստակել, կամ որ պատմողն ինքն է մեղավոր, որ իրեն մերժել են։

Հետազոտողներն ուսումնասիրել են, թե որքան նման էին մասնակիցների արձագանքներն այսպիսի իրավիճակներին։ Փորձի հիմքում ընկած էր սոցիոլոգ Իրվինգ Գոֆմանի հայեցակարգը, որը 1950-ականներին նկարագրել էր, թե ինչպես են մարդիկ ձգտում հասարակության մեջ պահպանել իրենց մասին որոշակի պատկեր և պաշտպանել այն վտանգներից։ Երբ այդ պատկերը հայտնվում է հարվածի տակ, անհարմարություն կամ տագնապ կարող են զգալ ոչ միայն իրավիճակի անմիջական մասնակիցները, այլև դիտորդները։ Սովորաբար մարդիկ ձգտում են միասին պահպանել միմյանց սոցիալական պատկերը, սակայն նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ այդ գործընթացը կարող է տարբեր լինել՝ կախված նարցիստիկ հատկանիշների արտահայտվածությունից։

Պիիսպանենի գնահատմամբ՝ արտահայտված նարցիստիկ հատկանիշներ ունեցող մարդկանց համար երբեմն ավելի դժվար է կառուցել անկեղծ և աջակցող հարաբերություններ, ինչը կարող է հանգեցնել փոխադարձ չհասկացվածության և հաղորդակցության դժվարությունների։