Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում վերջին շրջանում վիճակը գնալով ավելի է վատացել. լայնացել են տան պատերի ճաքերը, սենյակներն առանձնացել են մեկը մյուսից, իսկ հողի հոսքը մեծ թափով առաջ է շարժվում: Սրա հետ մեկտեղ սակայն կառավարությունը որեւէ քայլ չի կատարել ակտիվ սողանքային գոտում հայտնված բնակիչների անվտանգությունն ապահովելու համար: Գետահովիտ համայնքի բնակիչները պատմում են, որ նման պայմաններում ապրելն այլեւս անհնար է դառնում, ամեն մի ցնցման ժամանակ իրենք դուրս են փախչում տնից, սակայն չգիտեն ուր գնան, երբ ամբողջ գյուղն է ցած սահում:
«Ամեն օր երկրաշարժ է լինում, մի օր էլ ողջ գյուղը հողի տակ կանցնի, ու կառավարությունը մի հատ ցավակցական հեռագիր կտա ու կավարտվի գործը էդքանով»,-նեղսրտեցին բնակիչները:
«Ամեն օր պատերի վրա մի նոր ճաք է ավելանում, հողը սահել է ներքեւ, ու էդ սահքի պատճառով հոսանքի լարերը ձգվել ու կտրվել էին, ընկնելով ճանապարհի վրա, դա ահավոր հետեւանքներ կարող էր ունենալ, ջրի խողովակները գետնի տակից ճնշումը օդ է հանել, տան մի մասը մյուսից առանձնացել է»,-պատմում են նրանք:
Գետահովիտ համայնքի ավագանու անդամ Դորիկ Այդինյանի փոխանցմամբ կառավարության հանձնարարականով նախորդ տարի հանձնաժողով է եկել գյուղ, ուսումնասիրել նշված տների վտանգավոր վիճակը, տվել անհապաղ տարհանման հրահանգ, սակայն ամեն ինչ միայն թղթի վրա է գրված, իսկ կառավարությունը շարունակում է անուշադրության մատնել գյուղի 94 բնակելի տների բնակիչներին:
NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում գետահովիտցիները պատմեցին, որ իրենք չունեն նույնիսկ սեփականաշնորհման վկայական, քանի որ դեռեւս 90-ական թվականներից գյուղը ճանաչվել է սողանքավտանգ, ու այն սեփականացնելու թույլտվություն որեւէ մեկին չի տրամադրվել:
Գետահովիտ համայնքի «Հին գերեզմանատան վերեւի թաղամասի» սողանքային տեղամասն ընդգրկում է 5 հա մակերեսով տարածք, այն ընդգրկված է հանրապետության առավել ակտիվ սողանքային տեղամասերի ցանկում, որտեղ կատարված ինժեներաերկրաբանական հետազոտությունների արդյունքում համապատասխան հակասողանքային միջոցառումներ չեն իրականացվել:
Սողանքի ազդեցության վտանգավոր գոտում են գտնվում 91 անհատական բնակելի տներ: Համայնքի սողանքի ակտիվացման հետեւանքով ստեղծված իրավիճակի եւ սողանքային տեղամասի ակնադիտական ուսումնասիրության վերաբերյալ տրված եզրակացության մեջ հստակ նշված է, որ բնակելի տները գտնվում են խիստ վտանգավոր գոտում, որտեղ իրականացված չեն հակասողանքային միջոցառումներ, նպատակահարմար չէ իրականացնել նշված բնակելի տների վերականգնման կամ ուժեղացման աշխատանքներ, ուստի դրանք հանդիսանում են բնակության համար վտանգավոր:
Նույն այդ եզրակացության մեջ հստակ նշված է. «Կարեւորելով բնակիչների անվտանգությունը եւ հաշվի առնելով Գեահովիտ համանքի սողանքաին տեղամասում հակասողանքաին միջոցառումների իրականացումը, որը տեխնիկապես բարդ խնդիր է ու ժամանակատար: Անհրաժեշտ է առաջին հերթին իրականացնել սողանքից վնասված եւ վթարային վիճակում գտնվող անհատական բնակելի տների բնակիչների վերաբնակեցում»:
Փաստորեն ստացվում է, որ այսքան տարի` 90-ական թվականներից մինչ օրս, պետությունը որեւէ հստակ քայլ չի կատարել՝ ուղղված գյուղացու անվտանգությանը, մանավանդ վերջին տարիներին, երբ արդեն կա համապատասխան բոլոր կառույցների մասնագիտական եզրակացությունը, որով բոլորը սեւով սպիտակի վրա նշել են, որ բնակիչների կյանքը վտանգի տակ է: Գյուղացիները կառավարության նման դիրքորոշումը երկու կերպ են մեկնաբանում. «Կառավարությունը ցավակցական հեռագիր կտա ողջ գյուղին ու կաշին կփրկի» ու նաեւ` «մարդիկ թքում հեռանում են թե այս գյուղի, թե երկրի վրա, նշելով, որ իրենք չեն ապրի մի երկրում, որտեղ իրենց կյանքի արժեք չունի»:
Պատրաստեց` Էդվարդ Արզումանյանը
Լուսանկարները եւ տեսանյութը` հեղինակի











