ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունը լավ արդյունք է գրանցել Կոնգրեսի ընտրություններում։

«Դեմոկրատները լավ հանդես եկան։ Նրանք եռանդուն պայքար մղեցին», — ասել է Թրամփը Fox News-ի եթերում։

Politico-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ պատրաստ է աշխատել դեմոկրատների հետ։ Նրա խոսքով՝ նրանցից ոմանք ընտրություններից հետո արդեն զանգահարել են իրեն։

«Մենք կաշխատենք դեմոկրատների հետ՝ ապահովելու համար, որ մեր երկրում գործերը լավ ընթանան», — ասել է նա։

«Ես արդեն զրուցել եմ Դեմոկրատական կուսակցության ղեկավարության որոշ ներկայացուցիչների հետ», — հավելել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ ունի վետոյի իրավունք, սակայն հույս է հայտնել, որ ստիպված չի լինի անընդհատ կիրառել այն։

«Ես վետո կիրառելու իրավունք ունեմ, բայց չեմ ուզում մնացած երկու տարին պարզապես նստել ու ամեն ինչի վրա վետո դնել», — ընդգծել է Թրամփը։

Միաժամանակ նա նշել է, որ «մի փոքր զարմացած է» ընտրությունների արդյունքներից։ «Ես կարծում էի, որ հանրապետականներն ավելի լավ հանդես կգան», — ասել է նա։