Ես դատապարտում եմ քաղաքական դիակապտությունը. դա անում էր նա, ով կազմակերպել էր իր առանձնատանը այդ միջոցառումը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանը տեղի ունեցած ընդդիմադիր ուժերի հավաքը և ընդունած հայտարարությունը։

Հարցին՝ իշխանությունը մտահոգված չէ՞, որ ընդդիմությունը կարող է ինչ-որ պահի նույն հանրային ճնշմամբ իրենց հեռացնել իշխանությունից, նա պատասխանեց. «Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է և պատերազմ սկսելու ու Հայաստանի ինքնիշխանությունը կամ անկախությունը կասկածի տակ դնելու փորձերը, նվազագույնը դատապարտված են անհաջողության։ Այդ մեծ հակամարտությունում հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը հաղթել է պատերազմի եռագլուխ կուսակցությանը։

Հանրային ճնշում հանրությունը գործադրել է և անհրաժեշտության դեպքում կգործադրի, որովհետև չի կարող հանրությունը կողմ լինել պատերազմին, չի կարող կողմ չլինել խաղաղությանը և չի կարող ուղղակի նստի և նայի, թե ինչպես է պատերազմի եռագլուխ կուսակցությունը իր սև գործը անում»։