Մենք ԵԱՏՄ լիրավ անդամ ենք. ԵԱՏՄ-ում չկա այդպիսի գործընթաց, որին լիրավ չենք մասնակցում։ Կողմ ենք քվեարկում, վետոներ ենք դնում, չենք մասնակցում քվեարկությունների, այսինքն մենք վարվում ենք այնպես, ինչպես մնացած ԵԱՏՄ երկրները։ Դրա մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանը մեկ շաբաթով հետաձգել է ԵԱՏՄ–ում Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների հարցի քննարկումը, Պապոյանն ասաց. «Դա սովորական ընթացակարգ է։ Ռուսաստանի դեմ այսօր բազմաթիվ մի քանի էլի այդպիսի հայցեր կան, մյուս երկրների դեմ էլ կան, վաղը կարող է ինչ-որ հարցով Հայաստանի դեմ էլ լինեն։ Այսինքն դա սովորական ընթացք է և ես իրոք չեմ հասկանում ձեր այդ ուշադրությունը այդ հարցի նկատմամբ»։ Նա հույս հայտնեց, որ այդ հանձնաժողովի նիստում Ռուսաստանի գործողություններին գնահատական կտրվի և սահմանափակումների խնդիրը կլուծվի։
«էկոնոմիկայի նախարարությունն այդ հարցը դիտարկում է իբրև տնտեսական վեճ և տնտեսական օրենսդրության և տրամաբանությունների շրջանակում առաջ ենք գնում։ Քաղաքական հակափաստարկը ոչ մի արդյունք տալ չի կարող։ Հակափաստարկը ոչ միայն Հայաստանի վրա չի կարող ազդել, այլ նաև մյուս կողմերի վրա չի կարող ազդել։ Ես կարծում եմ՝ քաղաքական հակափաստարկները հենց քաղաքական խոսույթներ են, որոնք սպասարկում են այլ բաներ, բայց գետնի վրա կարող է օգուտ տալ բացարձակապես միայն փաստարկված իրավական, տնտեսական բանավեճը։
Եթե ինչ-որ մեկը վիրավորել է, կամ զրպարտել է, երկու ճանապարհ կա, կամ գնալ և բռնություն գործադրել, որը իմ համար անընդունելի է, և գնալ, օրինակ, դատարանում պատիվ ու փոխհատուցում պահանջել։ Մենք ընտրել ենք քաղաքակիրթ ճանապարհը։ Սա գրոտեսկ է։ Մենք Ռուսաստանի հետ տնտեսական վեճ ունենք»,–ասել է Պապոյանը։
Հիշեցմանը, որ կառավարությունը հայտարարում էր, թե ընտրություններից հետո ՌԴ–ի հետ խնդիրները կկարգավորվեն, նախարարն ասել է. «Կառավարությունը այդ խնդիրները լուծել է և Հայաստանի Հանրապետությունում մի կիլոգրամ պտուղ–բանջարեղեն չի մնացել գետնին, չի էլ մնա։ Մեր քաղաքացիները, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում, իրենք որևէ խնդիր չեն ունեցել և չեն ունենա, և դա բացարձակապես ՀՀ կառավարության հաշվին է։
այդ սահմանափակումների պատճառով
ՌԴ–ի մտցրած սահմանափակումների հետևանքով, մենք մեզ համար բացահայտել ենք նոր շուկաներ, հայկական արտադրանքը հայտնվել է ԵՄ-ում, Մերձավոր արևելքում, Կենտրոնական Ասիայի երկրներում։ Դա է պատճառը, որ դիվերսիֆիկացիան բավականին լավ տեմպերով ընթանում է առաջ, մի բան, որը նախկինում տեղի չէր ունեցել և չէր կարող տեղի ունենալ։ Դրանով նաև մեր տնտեսության մրցունակությունն է ավելացել։ Այն կանխատեսումները, թե Հայաստանը տասնյակ տոկոսներով անկումներ է ունենալու և հարյուր հազարավոր մարդիկ հայտնվելու են փողոցներում, մի քանի հարյուր մարդ էլ դուրս չի եկել փողոց, որովհետև կառավարությունը այդ մարդկանց խնդիրները լուծել է։
Ինչ վերաբերում է նրան, թե ՀՀ կառավարությունը դեռ ինչքան կարող է աջակցել, ապա ՀՀ պետական բյուջեն 10 տարի առաջվա պետական բյուջեն չի, դա 10 միլիարդ դոլար և ավելի է, ՀՀ–ում մեկ շնչին հաշվող ՀՆԱ-ն 10 տարի առաջվա ՀՆԱ-ն չի, 10 հազար դոլարից փոքր-ինչ ավելի է։ Հայաստանի Հանրապետությունը սուբսիդավորումն իրականացնում է բացարձակապես արդյունավետության հիման վրա»։ Անդրադառնալով Եմ երկրներ արտահանմանը, նախարարը մի քանի թվեր է նշելց. «Եվրամիության շուկա արտահանումն այս տարի ավելացել է 67%-ով։ Բուլղարիա արտահանումն աճել է 4.9 անգամ, Մալթա 4.8, Ավստրիա 3.1, Լեհաստան 3, Էստոնիա 2.8, Սլովենիա 2.7 անգամ, Ֆինլանդիա 2.5 անգամ, Լիտվա 2.4 անգամ, Կիպրոս 2.2 անգամ, Իսպանիա 2.1 անգամ, Շվեդիա 2 անգամ, Չեխիա 1.8 անգամ, Խորվաթիա 1.7 անգամ, Բելգիան 1.4 անգամ, Իռլանդիան 1.4, Իտալիան 1.3, Հունգարիա՝ 1.3 անգամ, 1.1, Ռումինիա 1.03, Դանիա 1.01։ Ընդ որում, խոսքը հայկական ծագման արտադրանքի մասին է։
Արտահանել ենք տարբեր ապրանքներ, պտուղ-բանջարեղեն, գյուղատնտեսական մթերքներ, հանքահումքային արտադրանքներ, սարքեր–սարքավորումներ, տեխնոլոգիական արտադրանքներ և այլն»։
Հարցին՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նկատմամբ խնդիրներն ավելի կխորանան, տնտեսապես պատրա՞ստ ենք դրան, թե՞ ոչ, Պապոյանը պատասխանեց. «Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, ազդեցության այլ գործոն չլինի, տնտեսության վրա ներգործությունը կլինի միայն դա, տնտեսության վրա ազդեցությունը կլինի մինուս 0,65 տոկոս։ Այսինքն, եթե օրինակ տնտեսությունը պետք է աճի և հասնի 6,6%-ի, կաճի 6%-ով։
Սակայն ակնհայտ է, որ կան նաև այլ գործոններ, որի արդյունքում այդ 6 տոկոսը կդառնա 5 տոկոս։ Բայց դրան զուգահեռ կլինեն նաև դրական արդյունքներ։ Իրականում կլինի մի չորս-հինգ հատ բացասական, մի չորս-հինգ հատ էլ դրական, որի արդյունքում ինչ–որ էֆեկտ կստանանք»։




























