Գիտնականների միջազգային խումբը նկարագրել է անհետացած գաճաճ կաշալոտի՝ նախկինում անհայտ տեսակ, որի գանգն առանձնանում էր բացառիկ անհամաչափությամբ։ Հետազոտողների գնահատմամբ՝ այն կարող էր առավել արտահայտված լինել ոչ միայն կետանմանների, այլև բոլոր կաթնասունների շրջանում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Biology հանդեսում։

Նոր տեսակն ստացել է Scaphokogia huachafo անվանումը։ Դրա՝ 5,6-ից մինչև 6,3 միլիոն տարվա հնություն ունեցող բրածո գանգը հայտնաբերվել է Պերուի հարավում գտնվող անապատային տարածքում՝ Պիսկո երկրաբանական կազմավորման մեջ, որը հայտնի է ծովային կենդանիների լավ պահպանված մնացորդներով։ Գիտնականների գնահատմամբ՝ կենդանու մարմնի երկարությունը մոտ 2,7 մետր էր։

Գիտնականները պարզել են, որ կենդանու քթի երկու ոսկրային խոռոչներն էլ տեղաշարժված էին դեպի գանգի ձախ կողմը, իսկ դիմային ոսկորները զգալիորեն տարբերվում էին չափերով և դիրքով։ Ատամնավոր կետերի գանգի անհամաչափությունը կապված է ձայների արձակմանը և էխոլոկացիային մասնակցող մասնագիտացված օրգանների զարգացման հետ։ Սակայն Scaphokogia huachafo-ի դեպքում այն շնչանցքի շրջակայքից շատ ավելի հեռու էր տարածվում։

Սկզբում հետազոտողները ենթադրում էին, որ գանգի արտասովոր ձևը կարող էր առաջանալ միլիոնավոր տարիների ընթացքում նստվածքային ապարների ճնշման հետևանքով։ Սակայն ոսկրային կարանների փակ լինելը և կոտրվածքների կամ ձևախախտման այլ նշանների բացակայությունը հնարավորություն տվեցին եզրակացնել, որ անհամաչափությունը կենդանու բնական առանձնահատկությունն էր։

Նոր տեսակի անվանումը նույնպես արտացոլում է նրա արտասովոր արտաքինը։ Պերուական իսպաներենում huachafo բառն օգտագործվում է չափազանց զարդարուն, արտառոց կամ տարօրինակ ինչ-որ բան նկարագրելու համար։

Գանգի կառուցվածքի հիման վրա հետազոտողները ենթադրել են, որ հնագույն կետն այլ կենսակերպ էր վարում, քան ժամանակակից կաշալոտները, որոնք խոր ջրերում հիմնականում կաղամարների են որսում։ Scaphokogia huachafo-ն, հավանաբար, մասնագիտացած էր ծանծաղ ափամերձ շրջաններում՝ ծովի հատակի մոտ սնունդ որոնելու մեջ։

Նրա զանգվածեղ խողովակաձև դունչն ամրացված էր խիտ ոսկրով և ոսկրացած աճառով։ Նման կառուցվածքը ծանրության կենտրոնը տեղափոխում էր առաջ և ներքև։ Դունչը գանգի մնացած մասի նկատմամբ 31 աստիճանով թեքված էր դեպի ներքև, իսկ գանգի՝ ողնաշարի պարանոցային հատվածին միացման առանձնահատկությունները կենդանուն հնարավորություն էին տալիս գլուխն իջեցնել ևս 55 աստիճանով։

Գիտնականների կարծիքով՝ այս առանձնահատկությունների համադրությունն օգնում էր կետին դունչն ուղղել դեպի ծովի հատակը և որս որոնել հատակային փափուկ նստվածքներում։ Քանի որ այն հատակից սնունդ հայթայթող որոշ այլ ծովային կաթնասուններին բնորոշ բեղեր կամ տեսողական մասնագիտացված հարմարանքներ չուներ, հետազոտողները ենթադրում են, որ կենդանին որսը հայտնաբերելու համար էխոլոկացիա էր օգտագործում։

Աշխատության հեղինակների կարծիքով՝ նման էկոլոգիական խորշը վերացել է միոցենի վերջում՝ օվկիանոսային պայմանների փոփոխությանը զուգընթաց։ Դա կարող էր ազդել ծովային կաթնասունների ժամանակակից համակեցությունների ձևավորման վրա։