Շանհայական համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) քարտուղարությունը քննարկում է Հայաստանին եւ Շրի Լանկային դիտորդի կարգավիճակ տալու հարցը: Այդ մասին լրագրողներին ասել է ՇՀԿ հարցերով  ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Բարսկին:

Նա նշել է, որ Շրի Լանկան ներկայումս ՇՀԿ-ի հետ երկխոսության հարցերով  գործընկերոջ կարգավիճակ ունի, եւ Պեկինում տեղի ունեցած գագաթնաժողովի նախօրեին քարտուղարություն հայտ է ներկայացրել` դիտորդի կարգավիճակի համար: «Հայաստանը եւս պաշտոնապես հայտ է ներկայացրել դիտորդի կարգավիճակ ստանալու համար»,-նշել է նա` ավելացնելով, որ ներկայումս այդ հայտերը քննարկվում են:

ՇՀԿ-ի կազմում են Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանն ու Պակիստանը: Երկխոսող գործընկերոջ կարգավիճակ ունեն Բելառուսն ու Շրի Լանկան, հունիսի 6-7 –ը Պեկինի գագաթնաժողովի ժամանակ նման կարգավիճակ ստացավ նաեւ Թուրքիան, իսկ Աֆղանստանն ունեցավ դիտորդի կարգավիճակ: