Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կրկին վերադառնալու է Կոսովո: 35 հոգանոց խաղաղապահ դասակը Կոսովո կմեկնի հուլիսի 6-ին: Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ Արթուր Սիմոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայկական զորախումբը , ամենայն հավանականությամբ, ծառայություն կտանի ամերիկյան զորամիավորման կազմում:
Հայկական զորախումբը Կոսովոյից դուրս էր բերվել այս տարվա փետրվարին, քանի որ Հունաստանը դադարեցրել էր խաղաղարար առաքելությանն իր մասնակցությունը, իսկ հայկական դասակը առաքելությանը մասնակցում էր հունական զորախմբի կազմում:
Այժմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ամերիկյան կողմի հետ:
Արթուր Սիմոնյանը հայտնեց, որ առաքելության ժամկետներում որեւէ փոփոխություն չի եղել, եւ հայ խաղաղապահները մեկնում են վեց ամիս հերթափոխով:
Նշենք, որ հայկական առաջին դասակը Կոսովո էր մեկնել դեռ 2004թ.: Ավելի ուշ զորախմբի թիվը հասել էր 70-ի, իսկ այժմ Կոսովոյում ծառայություն կտանեն 35 խաղաղապահներ:
Խաղաղապահ բրիգադի հրամանատարը նաեւ հայտնեց, որ ՆԱՏՕ-ի հրամանատարությունը տպավորված է հայ խաղաղապահների ծառայությունից:




























