Հայաստանի դատախազության շենքի առջեւ, այսօր` հուլիսի 24-ին, ժամը 17.00-ին, անցկացվեց բողոքի ակցիա` ընդդեմ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացված մեղադրական դատավճռի, որով ՀԱԿ-ի մի խումբ ակտիվիստներ դատապարտվել են 2-6 տարվա ազատազարկման:

Ակցիան կազմակերպել է «Ազատություն քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին» նախաձեռնությունը: Ակցիային մասնակցել են ՀԱԿ անդամներ, այդ թվում պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, ակտիվիստներ, հասարակական սեկտորի ներկայացուցիչներ եւ այլք:

Ակցիայի մասնակիցները դատարանի որոշումը որակել են խայատառակություն, եւ կարծում են, որ այն սպառնալիք է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար։ «Այսօր մենք կանգնում ենք այդ երիտասարդների կողքին եւ պահանջում ենք.

1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին,

2. Ազատ արձակել Տիգրան Առաքելյանին,

3. Կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների` Վահագն Գեւորգյանի, Սահակ Մուրադյանի եւ Արեգ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը դեռեւս գտնվում է ՀՔԾ վարույթում,

4. Պատժել երիտասարդների եւ նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին,

5. Պատասխանատվության ենթարկել կեղծ ցուցմունքներ տված ոստիակնության ծառայողներին, կեղծ ցուցմունքի դրդչություն կատարած պաշտոնատար անձանց:

Մենք հետամուտ ենք լինելու այս պահանջների իրագործմանը եւ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին միանալ մեզ՝ ընդդեմ քաղաքական հետապնդման ու հանուն արդար Հայաստանի։ Դիմում ենք նաեւ բոլոր երիտասարադական իրավապաշտպան կազմակերպություններին, բարձրաձայնել այս խնդիրն ու հասցնել միջազգային ատյաններին։ Մեր բողոքի ձայնը չի լռելու, քանի որ յուրաքանչյուրս կարող է հայտնվել նույն իրավիճակում, իր քաղաքական եւ իրավական պատկերացումների համար։ Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին մասնակցել բողոքի ակցիաներին»,- հայտարարության տեքստը կարդաց ՀԱԿ-ի ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը:

Բողոքի ակցիայի ժամանակ ելույթներ ունեցան ՀԱԿ-ի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը, Վարդգես Գասպարին, Հելսինկյան  քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ այլք: Դատախազության շենքի առաջ իրենց բողոքի ձայնն արտահայտելուց հետո մասնակիցները երթով շարժվել են Ազատության հրապարակ:

Մանրամասները` տեսանյութում: