Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը գտնվող WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի  շուրջ ծագած վեճը կարող է երկարաձգվել երկար տարիներով, եթե Մեծ Բրիտանիան թույլ չտա նրան առանց խոչընդոտի հեռանալ լատինաամերիկյան երկիր: Այս մասին հայտնել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան:

«Սկանդալը կարող  է ավարտվել հենց վաղը, եթե Մեծ Բրիտանիան (Ասանժին) թույլ տա հեռանալ: Հակառակ դեպքում, դա կարող է երկարաձգվել ամիսներով եւ տարիներով»,-հայտնել է Կորրեան BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ: Բացի այդ Էկվադորի նախագահը կոչ է արել Մեծ Բրիտանիային եւ Շվեդիային երաշխավորել, որ Ասանժը չի հանձնվի ոչ մի ուրիշ երրորդ երկրի:

Ինչպես հայտնում է բիտանական Guardian թերթը, երբ Ասանժը տեղավորվել է դեսպանատան շենքում, Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան Ան Ալբանը ստիպված է եղել տնից փչովի մատրաս բերել նրա համար, որի վրա WikiLeaks-ի հիմնադիրն այժմ քնում է: Բացի այդ դեսպանատան աշխատակիցները ստիպված են եղել գնել ավելի տարորղունակ սառնարան, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները պարզ հասկացրել են, որ կձերբկալեն Ասանժին, եթե նա լքի էկվադորյան դեսպանատան տարածքը, դեսպանատան շուրջ ոստիկանական մշտական հսկողություն է սահմանվել:

WikiLeaks-ի հեղինակը Շվեդիայում կասկածվում է բռնաբարության եւ սեքսուալ բնույթի բռնարարքների մեջ, որը իբր տեղի է ունեցել 2010 թ.: Այս երկրի իշխանությունները Մեծ Բրիտանիայից պահանջում են իրենց հանձնել Ասանժին: Ինքը` 41-ամյա ավստրալացին, հունիսի կեսերից գտնվում է Լոնդոնում Էկվադոի դեսպանատանը: Անցյալ շաբաթ Էկվադորը որոշել է քաղաքական ապաստան տրամադրել Ասսանժին, սական Մեծ Բրիտանիայի իշխանությունները թույլ չեն տալիս նրան հեռանալ: