Մայիսից, երբ Վլադիմիր Պուտինը կրկին վերադարձել է Կրեմլ, նրա գործունեությունը ողջունող ռուսների թիվը իջել է 6 տոկոսով (օգոստոսին 63 տոկոս, իսկ մայիսին` 69 տոկոս): Ռուսաստանի ղեկավարի հակավարկանիշը, այսինքն նրանք, ովքեր բացասական են գնահատում նրա գործունեությունը, աճել է 5 տոկոսով (մայիսին եղել է 30 տոկոս, օգոստոսին` դարձել է 35 տոկոս): Այս մասին վկայում է «Լեւադա-կենտրոն»-ի իրականացրած հարցումը:

Պուտինի հակավարկանիշը 2011 թ-ից սկսած ամենաբարձրն է, ավելի բարձր այն եղել է դեկտեմբերին` կազմելով 36 տոկոս:

«Կոմերսանտը» հրապարակել է ռուսների այն հարցի պատասխանը, թե ով պետք է 6 տարի անց ընտրվի նախագահի պաշտոնում: Հարցվածների 22 տոկոսը ընտրել են Վլադիմիր Պուտինին, 7 տոկոսը` Դմիտրի Մեդվեդեւին, իսկ 49 տոկոսը նախընտրել են երրորդ տարբերակը`«որպեսզի 6 տարի անց Պուտինին փոխարինի այլ մեկը» պատասխանով: Եւս 22 տոկոսը դժվարացել են պատասխանել: Համեմատության համար ասենք, որ մարտին նախագահի աթոռին  «այլ մեկին»  ցանկացել են տեսնել հարցվածների 43 տոկոսը:

Վարկանիշի նվազումը եւ հակավարկանիշի բարձրացումը խոսում է այն մասին, որ  բնակչությունը «հոգնել» է Վլադիմիր Պուտինից, հայտնել է «Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի ղեկավար Միխայիլ Վինոգրադովը: