Anonymous-ն օգոստոսի 26-ին կոտրել է Ինտերպոլի եւ բրիտանական ոստիկանության կայքերը` հանդես գալով WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանությամբ: Այդ մասին հաքերները հայտնել են իրենց Twitter-ում:

Նրանք պահանջել են դադարեցնել լրագրողի նկատմամբ քրեական հետապնդումը: Ներկայումս երկու կայքերն էլ սովորական ռեժիմով են աշխատում: Մեկ շաբաթ առաջ Anonymous-ի անդամները գրոհել են նաեւ Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարության եւ ՆԳՆ-ի կայքերը: 

Ասանժի պաշտպանությամբ են հանդես եկել նաեւ բրիտանացի լրագրողները, որոնք հայտնաբերել են  WikiLeaks-ի հիմնադրի կողմից իբր բռնաբարված շվեդուհու լուսանկարը: Այն արվել է  «բռնաբարությունից» երկու օր անց: Լուսանկարում երեւում է, որ Ասանժի հետ գտնվող կինը ժպտում է: Այդ օրը նա իր միկրոբլոգում գրել էր, որ գտնվում է  «աշխարհի ամենախելացի մարդկանց շրջապատում», հայտնում է KM.RU-ն:

Հիշեցնենք, որ Ասանժը դեռեւս գտնվում է Լոնդոնոմ Էկվադորի դեսպանատանը: Հարավամերիկյան երկիրը նրան ապաստան է տվել, եւ այժմ դրա նախագահ Ռաֆայել Կորեան երկու ելք է  ներկայացնում. Կամ Մեծ Բրիտանիան թույլ կտա լրագրողին  հասնել Էկվադոր, կամ էլ Շվեդիա նրա արտաքսման դեպքում երաշխավորում է չհանձնել նրան երրորդ երկրի: Ասանժը հայտարարում է, որ սեռական բնույթի մեղադրանքները հորինվել են իրեն ԱՄՆ-ին հանձնելու նպատակով, որտեղ եւս նրա դեմ քրեական գործ է հարուցված: