Վլադիմիր Պուտինը կորցնում է ժողովրդականությունը եւ մոլեգնորեն կառչում է իշխանությունից: Դրա լուրջ պատճառներից մեկը հարստության եւ ճոխության մթնոլորտն է, որից նա վճռականորեն չի ցանկանում հրաժարվել: Նախագահի կենսակերպը կարելի է համեմատել Պարսից ծոցի երկրների միապետների կենսակերպի հետ: Նման եզրակացություններ են առկա «Ստրուկի կյանքը գալերներում: Պալատներ, զբոսանավեր, ավտոմեքենաներ, ինքնաթիռներ եւ այլ աքսեսուարներ» վերնագրով նոր զեկույցում, որը պատրաստել են Ռուսաստանի հանրապետական ՊԱՌՆԱՍ կուսակցության համանախագահ Բորիս Նեմցովը եւ «Համերաշխություն» շարժման դաշնային քաղխորհրդի անդամ Լեոնիդ Մարտինյուկը: Զեկույցի մասին գրում է «Կոմերսանտ» թերթը:
Զեկույցի հեղինակները հաշվել են, որ Պուտինի տրամադրության տակ են գտնվում «20 պալատներ, առանձնատներ», որոնցից «9 պալատներն ի հայտ են եկել նրա կառավարման օրոք»: Այդ օբյեկտներից շատերը բազմիցս դարձել են լրատվամիջոցների եւ առանձին հանձնաժողովների աղմկահարույց ուսումնասիրությունների առարկա: Իհարկե, ոչ անպատիժ: Ամենաթարմ օրինակը. Քրեական գործ է հարուցվել հայտնի բնապահպան Սուրեն Ղազարյանի դեմ, որը Պուտինի սեւծովյան ափի պալատի ուսումնասիրման ժամանակ իբր պատրաստվել էր մահափորձ կատարել պահակներից մեկի նկատմամբ:
Այնուհետեւ զեկույցում թվարկվում է. Նախագահին սպասարկող «Ռոսիա» ստորաբաժանումն ընդգրկում է 43 ինքնաթիռ եւ 15 ուղղաթիռ: Նախագահի «փոքր նավատորմիղը», բաղկացած 4 նավից, գնահատվել է 3 միլիարդ ռուբլի:
Թվարկելով մեքենաները (գերազանցապես Mercedes)`հեղինակներն ընդգծել են, որ «քաղաքացիների համար Պուտինը մատնանշել է «ԳԱԶ Մ-21», «ԳԱԶ Մ-21Ռ», «Նիվա» մակնիշի մեքենաները»:
Պուտինի 11 ժամացույցների հավաքածուն գնահատվել է 22 միլիոն ռուբլի:
Պուտինի աշխատակազմն արդեն պատրաստել է համարժեք պատասխան: Նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այն ամենն, ինչից օգտվում է «ընտրված նախագահը, պետական սեփականություն է»:




























