Ուկրաինայի Գերագույն մասնագիտացված դատարանը հրաժարվել է բավարարել «գազային» գործի դատավճռի վերաբերյալ Յուլիա Տիմոշենկոյի փաստաբանների բողոքը։
Այդկերպ դատավորներն աջակցել են պետական մեղադրողի դիրքորոշմանը, որը բողոքն անհիմն էր համարել, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը։
Հիշեցնենք, 2011թ. Հոկտեմբերին Կիեւի դատարանը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին դատապարտել էր յոթ տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս պաշտոնեական լիազորությունները գերազանցելու համար։ Տիմոշենկոն ուղարկվել էր Խարկովի կաչանովյան գաղութ։ Ավելի ուշ նրան հիվանդանոց էին տեղափոխել առողջության վատթարացման կապակցությամբ. Նախկին վարչապետին ախտորոշել էին միջողնաշարային ճողվածք։
Տիմոշենկոն իր հասցեին բոլոր մեղադրանքները հերքում է, հայտարարելով, որ իշխանություններն իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով: Հուլիսին նախկին վարչապետի «Բատկիվշչինա» կուսակցությունը միավորվել էր «Ֆրոնտ պերեմեն» կուսակցության եւ այլ ընդդիմադիր ուժերի հետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որոնք տեղի կունենան այս տարվա հոկտեմբերին: Տիմոշենկոն Միացյալ ընդդիմության ընտրացուցակում առաջին համարն էր:
Սակայն Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել Տիմոշենկոյին, ինչպես նաեւ կալանքի տակ գտնվող մյուս ընդդիմադիր ներկայացուցչին` Յուրի Լուցենկոյին:
Մինչդեռ Գլխավոր դատախազությունն արդեն հայտարարել է, որ առողջանալուց հետո Տիմոշենկոյին նոր մեղադրանքներ կառաջադրվեն:
Օգոստոսի 28-ին մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սկսել է դիտարկել Տիմոշենկոյի բողոքը: Դատարանում Տիմոշենկոյի շահերը ներկայացնում են փաստաբաններ Սերգեյ Վլասենկոն, Վալենտինա Տելիչենկոն եւ Տիմոշենկոյի դուստր Եվգենիան:




























