Սկանդալային կուտուրյե Ջոն Գալյանոն որոշել է պաշտպանությունից անցնել հարձակման եւ նախկին գործատուից դատական կարգով 15 մլն դոլար ստանալ։
Ամենայն հավանականությամբ, հայցն ուղղված կլինի Christian Dior SA-ի դեմ, որը ղեկավարում է LVMH ընկերությունը, որն էլ պատկանում է միլիոնատեր Բեռնար Առնոյին։ Գալյանոյի հայցի էությունն այնքան էլ պարզ չէ, այն, ըստ երեւույթին, կվերաբերի աշխատանքային պայմանագրի խախտմանը, գրում է utro.ru-ն։
Գալյանոյի հետ կապված սկանդալը տեղի է ունեցել 2011թ. փետրվարին։ Ականատեսների վկայությամբ, մոդելյերը սրճարանի հարեւան սեղանի շուրջ նստած Ժերալդին Բլոխի հասցեին բղավում էր. «Կեղտոտ հրեա, մեռիր»։ Իսկ նրա ուղեկից չինացուն էլ ասել էր. «Ասիացի կեղտոտ սրիկա, կսպանեմ քեզ»։ Նաեւ այլ անպատշաճ արտահայտություններ էր բղավել։ Ներկաներից մեկը Ֆիլիպ Վիրժիտին, կատարվածը նկարահանել էր բջջային հեռախոսով։
Շուտով համացանցում տեսագրությունը էր հայտնվել, որտեղ Գալյանոն ճչում էր. «Ձեր նմանները պետք է մեռնեն։ Ձեր ծնողները, ձեր նախնիները պետք է մեռնեին գազային անիծյալ խցիկներում։ Ես սիրում եմ Հիտլերին»։
Ավելի ուշ 6 հազար եվրո տուգանքի ենթարկված Գալյանոն դատարանում հայտարարել էր, որ ոչինչ չի հիշում, ալկոհոլի եւ քնաբերների ազդեցության տակ է եղել։
Ջոն Գալյանոն հայտնի Christian Dior նորաձեւության տան տնօրեններից էր։ Մասնագետները կարծում են, որ տունը վաղուց ցանկանում էր ազատվել նրանից, եւ սկանդալը հարմար առիթ էր։




























