Դաղստանցի շեյխին սպանած մահապարտ կինը  Դաղստանի պետական համալսարանի դերասանական վարպետության ֆակուլտետի շրջանավարտ էր, Ռուսական Մախաչկալայի դրամատիկական  թատրոնի դերասանուհի եւ պարում էր բրեք-պարեր: Քննիչները դերասանուհուն կարողացել են  ճանաչել միայն այն բանից հետո, երբ շեյխի տան պայթյունից հետո հայտնաբերվել է մահապարտի գլուխը:

Իսլամ ընդունած ռուս աղջիկ Ամինաթ Սապրիկինան (Կուրբանովան) հասցրել էր ամուսնանալ 4 գրոհայինների հետ: Նրանցից 3-ն սպանվել էին, 4-րդը պայմանական ժամկետ էր ստացել: 2011 թվականին հերթական գրոհային ամուսնու մահվանից հետո 30-ամյա Կուրբանովան պատրաստվել էր որպես  «կենդանի ռումբ» ինքնապայթեցման համար:

Հատուկ ծառայությունների աշխատակիցը «Կոմերսանտին» պատմել է, որ երկու անգամ հաջողվել է կասեցնել ինքնապայթեցման փորձերը նախապատրաստման ընթացքում:  Մեկը եղել է անցյալ տարի, երբ մահապարտ կինն ուղեւորվելիս է եղել Մոսկվա: Կասկածելով, որ իրեն հետեւում են, նա Սարատովում իջել է ավտոբուսից, «շահիդի գոտին» նետել աղբարկղը, որից հետո վերադարձել է Դաղստան: 

Փորձագետներն ահաբեկչությունը կապում են Դաղստանի ամիրի պաշտոնում Դոքու Ումարովի կողմից 30-ամյա Ռուստամ Ասելդերովի նշանակման հետ:

Օգոստոսի 28-ին Դաղստանում շեյխ Սայիդ Աֆանդին Չիրքեյ Բոյանի շրջանի իր տանը զոհվել էր մահապարտի իրագործած պայթյունի հետեւանքով: Նրա հետ զոհվել էին նաեւ վեց հավատացյալներ։ 30-ամյա Ամինաթ Սապրիկինային (Կուրբանովա) հաջողվել է շեյխին սպասող մարդկանց համոզել իրեն արտահերթ ներս թողնել: Կին մահապարտը պատճառաբանել է հղիությամբ եւ վատ ինքնազգացողությամբ:

Ըստ ականատեսների` մոտենալով շեյխին, կինը նրան ասել է, որ ռուս է եւ ցանկանում է իսլամ ընդունել: Շեյխը հետագա զրույցի համար թարգմանիչ է կանչել: Դրանից հետո պայթյուն է տեղի ունեցել: