Yahoo News-ի վաշինգթոնյան բյուրոյի տնօրեն Դեյվիդ Չելիանին հեռացրել են աշխատանքից ABC հեռուստաալիքի ուղիղ եթերում հանրապետականների եւ սեւամորթների մասին կատակի պատճառով:
Խոսելով օգոստոսի 27-ից Տամպայում ընթացող հանրապետականների համագումարի եւ Լուիզիանա նահանգի փոթորիկի մասին` Չելիանը նկատել է, որ «նրանք (Ռոմնին եւ հանրապետականները) Ֆլորիդայում ուրախանում են այն ժամանակ, երբ սեւամորթները խեղդվում են»:
Yahoo-ի ղեկավարությունն ստիպված էր Չելիանի մեկնաբանության համար ներողություն խնդրել: «Մենք ներողություն ենք խնդրում Միթ Ռոմնիից, նրա գրասենյակից, համախոհներից եւ բոլորից, ով վիրավորվել է», - ասվում է Yahoo News-ի հայտարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Washington Post-ին:
Ղեկավարությունն ընդգծել է, որ դադարեցնում է համագործակցությունը Չելիանի հետ: Լրագրողը Facebook-ի իր էջում զղջացել է արած արտահայտության համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, համագումարի ընթացքում սեւամորթների հետ կապված եւս մեկ դեպք էին հրահրել հենց հանրապետականները. նրանք CNN-ի սեւամորթ կին լրագրողի վրա ընկույզներ էին նետել` գոռալով: «Այսպես մենք կերակրում ենք կենդանիներին»: Կազմակերպիչներն ստիպված են եղել ներողություն խնդրել լրագրողից եւ հեռուստաալիքից:




























