Տեղեկություններ են հայտնվել վրաց- ռուսական սահմանի մոտ գրոհայինների հետ բախումների զոհերի մասին. զոհվել է հատուկ ջոկատի մարտիկ Արչիլ Չոխելին, որը նաեւ սամբոյի ազգային հավաքականի մարզիչ էր:

41-ամյա Չոխելին սամբոյի աշխարհի չեմպիոն է եղել, Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող: Հատուկ ջոկատում ծառայությանը զուգահեռ նա մարզում էր վրաց մարզիկներին, հայտնում է «Գռուզիա օնլայնը»:

Ըստ պաշտոնական տվյալների` հատուկ գործողության ընթացքում սահմանի մոտ զոհվել են ՆԳՆ-ի հատուկ նշանակության ջոկատի 2 աշխատակիցներ, ինչպես նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարության ռազմական բժիշկ: Ուժային կառույցների 5 աշխատակիցներ վիրավորվել են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, օգոստոսի  29-ին վրաց-ռուսական սահմանի դաղստանյան հատվածում վրաց ուժայիններն անցկացրել են հատուկ գործողություն` զինված հանցախմբի ոչնչացման նպատակով, որը Լոպոտի կիրճ էր ներթափանցել Դաղստանի տարածքից եւ պատանդ էր վերցրել տեղի մի քանի բնակիչների: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալների`  հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել էին 11 գրոհայիններ, եւս 6-ը շարունակում են թաքնվել կիրճում: