Պենտագոնը քրեական հետապնդմամբ է սպառնացել նախկին ծովայինին, որը գիրք էր գրել Ուսամա բեն Լադենի ոչնչացման մասին:
Նախկին հատուկ ջոկատայինը նամակ էր ստացել ռազմական գերատեսչությունից այն մասին, որ նա խախտում է գաղտնի տեղեկությունները չբարձրաձայնելու մասին պայմանավորվածությունը, որն ստորագրում են ծառայության անցնելիս: Նրանոմ վստահեցվում էր, որ Պենտագոնը մտադիր է գործի դնել «իրավասության ներքո գտնվող բոլոր օրինական մեթոդները»:
Պենտագոնի իրավաբանը Մակ Օուեն անվան տակ հանդես եկող հեղինակին նաեւ զգուշացրել էր, որ գրքի հետագա տարածումը միայն կխորացնի նրա մեղքը, հայտնում է «Lenta.ru»-ն` հղում անելով Agence France-Presse-ին:
Ավելի վաղ գրքի հրատարակողները հայտարարել էին, որ հեղինակը տեքստը ցույց է տվել ինչ-որ իրավաբանի, որը գրքում պետական գաղտնիքի հրապարակում չի հայտնաբերել: Սակայն այդ վարկածը դեռեւս պետք է ստուգվի Պենտագոնի եւ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության կողմից:
«Թիվ մեկ ահաբեկչի» ոչնչացման վերաբերյալ «Դժվար օր» գիրքը պետք է լույս տեսնի սեպտեմբերի 11-ին` 2001 թվականի ահաբեկչությունների տարելիցին: Գրքի տարբերակը տարբերվում է Պենտագոնի հրապարակած պաշտոնական զեկույցից: Նախկին «ծովային կատվիկը» գրել է, որ «Ալ Կաիդայի» առաջնորդն ինքնասպան է եղել, նախքան հատուկ ջոկատայինների ներխուժելը:
Շուտով գրքի թողարկման լուրից հետո Fox News ալիքի լրագրողները բացահայտել են հեղինակի իսկական անունը` Մեթ Բիսոնեթ: Դրանից հետո նրա լուսանկարը տեղակայվել էր «Ալ Կաիդայի» կայքում` «շուն, որն սպանել է տառապյալ շեյխ Ուսամա բեն Լադենին» մակագրությամբ: Այդ փաստը լրատվամիջոցներում եւ բլոգներում առաջացրել է մտավախությունն, որ Բիսոնեթից կամ որեւէ մեկից կարող են վրեժ լուծել ահաբեկիչները:




























