Սիրիայում ՄԱԿ-ի նոր հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին խոստովանել է, որ իրեն վախեցնում է իր վրա դրված պատասխանատվության բեռը:
BBC-ի հետ հարցազրույցում Քոֆի Անանի իրավահաջորդն իր առաքելությունը գնահատել է որպես «գրեթե անիրագործելի»: Ըստ Բրահիմիի` միջազգային հանրությունը քիչ ջանքեր է գործադրում Սիրիայում զոհվող մարդկանց փրկության համար:
Ալժիրի նախկին արտգործնախարար 78-ամյա Լահդար Բրահիմին հատուկ ներկայացուցչի պաշտոնին է անցել սեպտեմբերի 2-ին` փոխարինելով Քոֆի Անանին, որը մեկ ամիս առաջ հրաժարական էր տվել` այդպես էլ չկարողանալով դադարեցնել արյունահեղությունը քաղաքացիական պատերազմով բռնկված երկրում:
Լահդար Բրահիմին,պաշտոնին անցնելով, Սիրիայի կառավարությանը կոչ է արել լսել սեփական ժողովրդին եւ սկսել բարեփոխումները: Նա ավելացրել է, որ արաբական պետությունների զինված ներխուժում Սիրիա դեռեւս չի նախատեսվում: Զինված արտաքին միջամտության բուն փաստը կնշանակի «բոլոր դիվանագիտական ջանքերի տապալում», նշել է Բրահիմին:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նոր հատուկ ներկայացուցչին աջակցել է այդ հարցում: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բրահիմին բացառում է արտաքին ուժային միջամտությունը Սիրիայի խնդրում: Համաձայն ենք նրա հետ, Անանի ծրագրին եւ Ժնեւյան կոմյունիկեին այլընտրանք չկա, եթե մենք ուզում ենք Սիրիայում խաղաղ երկխոսության սկզբին հանգել», - Twitter-ում գրել է ՌԴ-ի արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:
Ինչպես սպասվում է, սեպտեմբերի 8-ին Լահդար Բրահիմին կժամանի Դամասկոս:




























