Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱԽՏՀ-ի գագաթաժողովից առաջ կայցելի Յամալ, որտեղ կթռչի Կարմիր գրքում գրանցված կռունկների առաջնորդի դերում:
Օգոստոսի կեսերից այդ հազվագյուտ կռունկները դելտապլաներիստների ուղեկցությամբ թռչում են Քուշեւաթ բնակավայրի տարածքով: Սեպտեմբերի կեսերին նրանց մտադիր են օդաչուի կառավարմամբ ուղարկել ձմեռը Միջին Ասիայում անցկացնելու`գիտնականների հաշվարկած երթուղով: Դելտապլաներիստն ասես ստանձնում է նրանց թռիչքի ուղղությունը ցույց տվող առաջնորդի դերը:
Այն մասին, որ Պուտինը կարող է մասնակցել թռիչքին, հայտնել է Յուրի Մարկինը`Ռյազանում գտնվող բնական արգելոցի տնօրենը, որտեղ կռունկներ են բազմացնում, գրում է pravda.ru-ն:
Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նախագահը սովորել է դելտապլանով թռչել, ինչպես նաեւ այն, որ նա ԱԽՏՀ-ի գագաթաժողովից առաջ կայցելի Յամալ:
Նախօրեին ռուսական լրատվամիջոցները նաեւ հայտնել էին, որ Պուտինի ծրագրված արշավի պատճառով պաշտոնը լքել է «Վոկրուգ սվետա» ամսագրի գլխավոր խմբագիր Մարիա Հեսսենը:
«Ես լքում եմ վոկրուգ սվետա-ն, դրա համար շնորհակալություն Պուտինին», - իր Twitter-ում գրել էր լրագրողը:
Հետագայում նա բացատրել էր, որ հրաժարվել է գործատուի` Պուտինի մասնակցությամբ հանուն կռունկների փրկության արշավը լուսաբանելու խնդրանքից:




























