ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Russia Today հեռուստաալիքի հետ հարցազրույցում անդրադառնալով Pussy Riot խմբի ակցիային, հիշել է «Վոյնա» արթ-խմբի մեկ այլ ակցիա Տիմիրյազեւի անվան Կենսաբանական թանգարանում, որին մասնակցում էր նաեւ փանք-աղոթքի համար դատապարտված Նադեժդա Տոլոկոննիկովան:
Ըստ Պուտինի` իշխանությունները պետք է դեռ այն ժամանակ ուշադրություն դարձնեին Pussy Riot-ի մասնակիցներին:
«Ակցիայից հետո նրանք հանրային վայրում խմբակային սեքսի սեանս էին կազմակերպել, հետո էլ դա տեղադրել համացանցում: Ոմանք ասում են, որ խմբակային սեքսն անհատականից լավ է, քանի որ դրա դեպքում, ինչպես եւ խմբային ցանկացած աշխատանքի, կարելի է գլուխ պահել: Ինչեւէ, դա յուրաքանչյուրի գործն է, բայց համացանցում տեղադրելը, ըստ իս, վիճելի է եւ պետք է ինչ-որ իրավական գնահատականի ենթարկվի»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաեւ հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ «Վոյնա» արթ-խմբի մասնակիցներից մեկը մոսկովյան սուպերմարկետում երեք խրտվիլակ էր կախել` Մոսկվան հրեաներից, գեյերից եւ եկվորներից ազատելու գրություններով:
Քրիստոս Փրկչի եկեղեցում Pussy Riot-ի ակցիան Պուտինն անվանել է շաբաշ եւ հերթական անգամ հրաժարվել է մեկնաբանել մասնակիցների դատավճիռը` նշելով, որ պատիժը արարքին համարժեք պետք է լինի, գրում է gazeta.ru-ն:
«Կարծում եմ, այդ աղջիկների փաստաբանները պետք է նրանց շահերը պաշտպանեն դատարանում, դա զուտ իրավական գործ է», – ասել է նա:
Պատասխանելով Pussy Riot-ի աղջիկների վաղաժամկետ ազատման հնարավորության մասին հարցին` Պուտինը նշել է. «Անգամ չգիտեմ` նրանց փաստաբանները դիմել են բարձրագույն ատյան, թե ոչ: Ես չեմ հետեւում այդ գործին, փորձում եմ ոչ մի կերպ չառնչվել», -ամփոփել է նախագահը:




























