Վլադիմիր Պուտինը կարծում է, որ հակահրթիռային պաշտպանության խնդիրը կարելի կլինի լուծել այն դեպքում, եթե Բարաք Օբաման վերընտրվի: Այդ մասին նա հայտարարել է «Russia Today» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ինձ թվում է Օբաման անկեղծորեն ցանկանում է լուծել այդ հարցը», – ասել է Պուտինը:
Նա ՀՀՊ-ի առնչությամբ հիշել է մեքսիկական Լոս Կաբոս քաղաքում կայացած «Մեծ քսանի» գագաթաժողովի օրերին Օբամայի հետ իր հանդիպումը:
«Մենք զրուցեցինք մեծամասամբ Սիրիայի մասին, բայց, միեւնույն է, ես զգացի նրա տրամադրվածությունը: Կարծում եմ, Օբաման անկեղծ մարդ է եւ իրոք ցանկանում է շատ բաներ դեպի լավը փոխել, բայց արդյոք նրան թույլ կտան անել: Կա ռազմական լոբբի, Պետդեպ` իր բավական պահպանողական մեքենայով, որն, ի դեպ, քիչ է տարբերվում մեր ԱԳՆ-ից: Այնտեղ տասնամյակներ շարունակ կլաններ են ձեւավորվել», – ասել է Պուտինը:
Ըստ Պուտինի, եթե Ռոմնին դառնա նախագահ, ՀՀՊ-ի հարցում իրավիճակը կարող է անբարենպաստ լինել Ռուսաստանի համար:
«Մեր ամերիկացի գործընկերներն ասում են` դա ձեր դեմ չէ: Իսկ ինչ կլինի, եթե Ռոմնին հաղթի: Իսկ եթե հաշվի առնենք, որ ՀՀՊ-ն ոչ մեկ տարով է տեղակայվում, ոչ էլ անգամ մեկ տասնամյակով, միանգամայն հնարավոր է, որ ի վերջո Ռոմնիի հայացքների տեր մարդ դառնա ԱՄՆ-ի նախագահ... Ինչպե՞ս պետք է մեզ դրսեւորենք մեր անվտանգությունն ապահովելու համար», – հարցրել է Պուտինը:




























